Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2008 թվականի Մարտի 1-ի բոլոր գործընթացները նախապատրաստված են եղել, և այդ նախապատրաստման մեջ մեծ դեր է ունեցել Ռոբերտ Քոչարյանը. Սեդա Սաֆարյան

2008 թվականի Մարտի 1-ի բոլոր գործընթացները նախապատրաստված են եղել, և այդ նախապատրաստման մեջ մեծ դեր է ունեցել  Ռոբերտ Քոչարյանը. Սեդա Սաֆարյան
Իրավունք
13:16, 15 сентябрь 2021
«Քանի որ հանցագործության դեպքի հիմքով է կարճվել գործը, ես իմ պարտքն եմ համարում հրապարակել որոշակի գործողություններ, որոնք վերաբերել են ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին»,- այսօր Վերաքննիչ դատարանում ասաց Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը իր վերաքննիչ բողոքը ներկայացնելիս։

Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ Դատախազության և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքների քննությունը։

Սեդա Սաֆարյանը նշեց, որ 2008 թվականին իշխանությունները իրականացրել են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝  Ռոբերտ Քոչարյանի ցանկալի իշխանությունը պահելու համար, իշխանությունը իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, արդյունքների վիճարկման իրավական գործընթացները ապօրինի վերահսկելու նպատակով՝ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ։ 

Սեդա Սաֆարյանի խոսքով՝ Զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու, դիտավորյալ այլ գործողություններով քաղաքացիների հիմնարար իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ, սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը։  

Սեդա Սաֆարյանը նշեց, որ կարծում են՝ մեղադրական եզրակացության այն արձանագրումները, թե Ռոբերտ Քոչարյանը՝ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, 2008 թվականին խախտելով Սահմանադրության այն հոդվածը, որ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, խախտել են Սահմանադրության 55-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթը, որ միայն զինված հարձակման դեպքում կարող է նախագահը հայտարարել ռազմական դրության և ԶՈՒ-ի օգտագործման մասին։   

«ՀՀ երկրորդ նախագահը, ի խախտումն այս ամենի՝ ունենալով ցանկացած եղանակով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու նպատակ, օգտվելով, որ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը կարողացել է զորքը  ծայրամասերից, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունից, տեղափոխել  Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ զինվածության բարձր աստիճանով, անգամ գիտենք, որ ԲՏՌ-ներ են տեղափոխել մայրաքաղաք՝ անհասկանալի նպատակներով։ Սա նշանակում է, որ խաղաղ ցուցարարների վրա առավոտյան գործընթացը և հետագայում նաև երեկոյան ընթացած այս բոլոր գործընթացները նախապես նախապատրաստված են եղել, և այդ նախապատրաստման մեջ մեծ դեր է ունեցել Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Սեդա Սաֆարյանը։