Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է 2008 թ Մարտի 1-ին Քոչարյանի հրամանագրի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը, որով հնարավոր է նրան նոր մեղադրանք առաջադրվի

Դատախազությունն ուսումնասիրում է 2008 թ Մարտի 1-ին Քոչարյանի հրամանագրի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը, որով հնարավոր է նրան նոր մեղադրանք առաջադրվի
Իրավունք
19:14, 22 сентябрь 2021
«Այդ վճիռը ՀՀ գլխավոր դատախազությունը նոր վերցրել է ուսումնասիրության, այն ընթացքի մեջ է, որի արդյունքում միայն հնարավոր կլինի դրա կապակցությամբ դիրքորոշում արտահայտել»,-Civic.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ երեկվա վճռին և դրանով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու հնարավորությանը։ 

Արդեն տեղեկացրել ենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ընդդեմ Հայաստանի հերթական վճիռը: Այս անգամ գործը վերաբերում է 2008 թվականին մարտյան իրադարձություններից հետո «Դարեսկիզբ» ՍՊԸ (Հայկական ժամանակ օրաթերթ) անունից ներկայացված գանգատին ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի: 

Հիշեցնենք, որ 2008 թվականի հավաքների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 21 օրով մայրաքաղաք Երևանում արտակարգ դրություն էր հաստատվել, որով արգելվել էին նաև լրատվամիջոցների հրապարակումները, հավաքները։

ՄԻԵԴ-ը վճռով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտման ազատություն) և 6 րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) խախտում:

ՄԻԵԴ վճռում ասվում է, որ գործը վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրություններից հետո արտակարգ դրության ժամանակ պետական մարմինների գործողություններին, որոնց ընթացքում խոչընդոտվել է դիմումատու ընկերությանը իր թերթի՝ «Հայկական ժամանակի» տպագրումը։ Այն վերաբերում էր նաև դրան հաջորդած դատական գործընթացներին:

Դատարանը մասնավորապես գտել է, որ հրապարակման սահմանափակումը այլ նպատակ չի ունեցել, քան սահմանափակել Կառավարության հասցեին քննադատությունը և հետևաբար դեմ էր ազատ արտահայտման իրավունքին, որը պաշտպանված է Կոնվենցիայով: ՄԻԵԴ-ը նաև 9000 եվրո փոխհատուցում է սահմանել՝ որպես բարոյական վնասի հատուցում:

Այս գանգատը դեռևս 2008-ին եվրոպական դատարան ներկայացրել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով այսօր մեկնաբանելով ՄԻԵԴ վճիռը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրավական առումով այս վճիռը նշանակում է, որ Մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական հետապնդումների:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՄԻԵԴ այս վճիռը, ապագայում սպասվող  այլ վճիռներ ևս կարող են դիտվել որպես նոր երևան եկած հանգամանք։ Ասել է թե՝ ներկայումս գնդակը դատախազության դաշտում է և դատախազությունը այս վճռից հետո կարող է գործընթաց սկսել։