Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ինքնաբացարկ հայտնել

Ինչո՞ւ է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ինքնաբացարկ հայտնել
Իրավունք
16:42, 02 март 2021
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ԱԺ նիստում պարզաբանեց պատճառը։

«Առավոտյան անձամբ զրուցել եմ Գրիգորյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար: Պարոն Գրիգորյանը բացատրեց, որ հետպատերազմյան շրջանում հաշվի առնելով Սյունիքի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, որ անհրաժեշտ է այսօր կամ երբևէ համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել բնականոն աշխատանքները, դրա համար էլ չի հավակնում ստանձնել թափուր պաշտոնը»,-ասաց նա։

Վարդազարյանի խոսքով՝ Գրիգորյանը դիմել է ԲԴԽ-ին՝ տեղեկացնելով, որ այլևս չի ցանկանում, որ իր թեկնածությունը քննարկվի եւ չի հավակնում ստանձնել այդ պաշտոնը։ 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հետարքրքվեց՝ դատարանների հարցով ի՞նչ է փոխվել Սյունիքում, քրեական ու քաղաքացիական հայցե՞ր են աճել։ Ըստ նրա՝ անհասկանալի է դատավորի թեկնածուի բացատրությունը։

«Հակառակը, քրեական և քաղաքացիական գործերը չեն ավելացել Սյունիքում։ Սակայն դատարանի բնականոն աշխատանքի կազմակերպման համար շատ ավելի ջանքեր են պետք։ Եվ պարոն Գրիգորյանը, ունենալով Սյունիքում աշխատելու բազմամյա փորձ, գտնում է, որ այս պարագայում նրա ներկայությունը Սյունիքի դատարանում շատ ավելի կարևոր է, քան Վճռաբեկ դատարանում»,- ասաց Վարդազարյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, եւ ներկայացված թեկնածուների թվից Ազգային ժողովը պետք է ընտրի դատարանի դատավոր: