Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել պատերազմի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնյաների կողմից բնակչության տարհանումը ոչ պատշաճ կատարելու դեպքերի վերաբերյալ

ԱՀ Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել պատերազմի ընթացքում  քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնյաների կողմից բնակչության տարհանումը ոչ պատշաճ կատարելու դեպքերի վերաբերյալ
Իրավունք
16:53, 02 март 2021
Արցախի գլխավոր դատախազության  կողմից՝ ըստ  Արցախի  մարդու իրավունքների պաշտպանի փոխարինողի կողմից  ուղարկված  ուսումնասիրության արդյունքների, քրեական գործ է հարուցվել՝  2020 թվականի  սեպտեմբերի 27-ից  Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում  քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բնակչությանը տարհանելու պարտականությունը՝ սահմանված քաղաքացիական պաշտպանության մասին օրենքով, ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Նկատի ունենալով, որ պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության մի շարք համայնքներում սպանվել և գերեվարվել են քաղաքացիական անձինք, ուստի հիշյալ անձանց տարհանման պարտականության կատարման պատշաճությունը քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու համար՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ կողմից  դատախազություն ներկայացված փաստական տվյալների հիման վրա 2021 թվականի մարտի 1-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,-մանրամասնում են Գլխավոր դատախազությունից՝հավելելով,որ նույն օրը նախաքննության կատարման համար քրեական գործը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Արցախի Հանրապետության  քննչական կոմիտե։