Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանից հեռացրեց խոսափողը․ նիստը հետաձգվեց մեկ շաբաթով

Դատարանը Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանից հեռացրեց խոսափողը․ նիստը հետաձգվեց մեկ շաբաթով
Իրավունք
14:27, 28 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի հերթական դատական նիստը։ 

Ռոբերտ Քոչարյանին ու Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել գործարար Սիլվա Համբարձումյանից խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 

Դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարան է ստացվել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դիմումը՝ ըստ որի նա ստանձնել է Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանություն։ Փաստաբանը նաև տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ ծանրաբեռնված է նախապես նշանակված այլ դատական նիստով և խնդրել է իրեն ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար։ 

Փաստաբան Լուսինե Սահակյանը ևս ներգրավվեց որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան։ 

Նշենք, որ սույն գործով քննվում են ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը կազմակերված խմբի կողմից) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացած խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը) առաջադրված մեղադրանքները։ 
 
Դատավոր Աննա Դանիբեկյանը հարց ուղղեց՝ արդյոք փաստաբան Լուսինե Սահակյանը ծանոթ է գործի նյութերին, ինչին ի պատասխան փաստաբանն ասաց, որ ծանոթ չէ։ 

Ամբաստանյալ Արմեն Գևորգյանը ցանկացավ հայտարարություն անել դատարանում՝ իրեն երկրից դուրս չթույլատրելու դատարանի որոշման վերաբերյալ, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանն արգելեց կայացված որոշումը քննարկման առարկա դարձնել նույն ատյանում և հայտարարություն անել, ինչպես նաև նշեց, որ այդ թեմայով առարկելու ձևով ևս հայտարարություն չի ընդունում։ Պաշտպան Լուսինե Սահակյանը միջամտեց՝ ընդգծելով որ իր պաշտպանը իրավունք ունի և՛ հայտարարության, և՛ առարկություն ներկայացնելու, սակայն դատավորը չփոխեց իր դիրքորոշումը։ Լուսինե Սահակյանը դատարանի դիրքորոշումը գանահատեց, որպես իր պաշտպանյալի իրավունքների խախտում, դատավոր Աննա Դանիբելյանը փաստաբան Լուսինե Սահակյանին ևս չթույլատրեց հայտարարություն անել և նշեց, որ եթե փաստաբանը շարունակի առանց դատարանի թույլտվության խոսել՝ ապա դատարանը խոսափողը կվերցնի փաստաբանից։

Լուսինե Սահակյանն էլ ի պատասխան դատավորի հորդորի՝ նշեց, որ իրեն չեն կարող խոսքի իրավունքից զրկել։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը մեկնաբանեց, որ պաշտպանը խախտում է դատական նիստի կարգը և դատավորին միջնորդեց դատական սանկցիա կիրառել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը փաստաբան Լուսինե Սահակյանին զգուշացրեց դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին։ Սակայն Լուսինե Սահակյանը հրաժարվեց ենթարկվել դատավոր Աննա Դանիբեկյանի պահանջին՝ այն էր հայտարարություն չանել և նստել։

«Դատարանն արձանագրում է, որ փաստաբան Լուսինե Սահակյանը չի ենթարկվում դատարանի պահանջներին և ևս մեկ անգամ նախազգուշացնում է դատարանի՝ դատական սանկցիա կիրառելու իրավասության մասին»,-ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը և փաստաբանի դիմացից հեռացրեցին խոսափողը։

Դատավորը հարց ուղղեց Լուսինե Սահակյանին՝ թե որքան ժամանակ է պետք փաստաբանին գործի նյութերին ծանոթանալու համար։ Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ խոսափողը հետ բերեն, որպեսզի ժամկետն ասի, սակայն դատավորը նշեց, որ այդպես էլ է փաստաբանի ձայնը լսվում։ Քանի որ Լուսինե Սահակայնը հրաժարվեց առանց խոսափողի ասել թե որքան ժամանակ է իրեն անհրաժեշտ գործի նյութերին ծանոթանալու համար, դատավոր Աննա Դանիբեկյանը որպես ողջամիտ ժամկետ սահմանեց 1 շաբաթը։ 

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 5-ին ժամը 13։00։ 


Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։