Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանում կազմակերպված միջոցառումը ուղղված էր դատական նիստը բացահայտ տապալելուն. դատախազ

Դատարանում կազմակերպված միջոցառումը ուղղված էր դատական նիստը բացահայտ տապալելուն. դատախազ
Իրավունք
14:53, 28 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի հերթական դատական նիստը։ 

Ռոբերտ Քոչարյանին ու Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել գործարար Սիլվա Համբարձումյանից խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում այս դատական նիստը ևս որակեց տապալված։

Լրագրողները դատախազից հետաքրքրվեցին՝ Արմեն Գևորգյանին երկրից բացակայելը չթույլատրելու դատարանի որոշումը արդյոք ճի՞շտ է համարում։ 

«Խափանման միջոցի ընտրությունն ինչի՞ համար է, այսինքն՝ ընտրվի խափանման միջոց, բայց անձը երբ ցանկանա, ուր ցանկանա՝ գնա՞։
Նախկինում երբ դատարանը թույլատրել է լքել երկիրը, դրա կապակցությամբ առարկություններ ենք ունեցել»,- պատասխանեց դատախազը ու շարունակեց. «Ինչ վերաբերում է այդ առումով դատարանում կազմակերպված միջոցառմանը, ապա սրանք դատական նիստը տապալելու արդեն ոչ թե քողարկված, այլ բացահայտ միջոցներ են։ Ես պնդում եմ, որ այսօրվա դատական նիստը պլանավորված էր ձախողման։ Եթե ոմանք կարող են դատական նիստը տապալելուն ուղղված գործողություններ կատարել, հետո այլ դեմքով ասել, որ մենք նպատակ ունենք, որ դատական նիստերը կայանան, չի նշանակում, որ մենք այն մարդկանցից ենք, որ կարող ենք դրան հեշտ հավատալ»։ 

Չնայած դատարանում ստեղծված իրավիճակին՝ դատախազը տեսակետ հայտնեց, որ իրենց պատկերացմամբ՝ այս պահին դատարանի գործողություններն ուղղված են դատական նիստերի ձգձգումները կանխելուն, և իրենք իրենց դիրքորոշումներով ևս պահում են այդ մոտեցումը։ 

Հարցին՝ Լուսինե Սահակյանը ժամանակին պաշտպանել է նաև Նիկոլ Փաշինյանի շահերը դատարանում, այսօր իր ներգրավումն այս գործին չի՞ կարող խոչընդոտ հանդիսանալ, դատախազն ընդգծեց, որ արդեն իրենք դիրքորոշում հայտնել են այդ առնչությամբ և խնդիր չեն տեսնում։