Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարուցվել է 3 քրգործ՝ լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքերով

Հարուցվել է 3 քրգործ՝ լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքերով
Իրավունք
11:06, 03 март 2021
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպքերով քրեական գործեր են հարուցվել։

«Վերջին շրջանում կատարվող գործընթացների, այդ թվում քաղաքական ուժերի կողմից հրավիրվող հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել, որոնց քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից ապահովվել է համապատասխան քրեադատավարական ընթացակարգ:
Դեպքերից երկուսը կապված են «Yerkir.am» լրատվական կայքի լրագրող Լիանա Սարգսյանի հետ: 

Մասնավորապես, մի դեպքում, փետրվարի 24-ին Լիանա Սարգսյանը հաղորդում էր տվել Ոստիկանությունում այն մասին, որ «Ազատության» հրապարակում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս երկու անձինք խոչընդոտել են իր աշխատանքին, իսկ նրանցից մեկը հարվածել է իրեն:

Մյուս դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ին, Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, երբ Լիանա Սարգսյանի ձեռքից խլել ու պատռել էին հարցադրում պարունակող պաստառը և հրել նրան: 

Երրորդ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Արտակ Խուլյանի և Կարեն Չիլինգարյանի հետ, երբ ընդդիմության կողմից անցկացվող երթի լուսաբանման պահին հարձակվել էին նրանց վրա, խանգարել աշխատանքին, առերևույթ հարվածներ հասցրել նրանց՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:  

Վերջին երկու դեպքերի վերաբերյալ տեսանյութը, հրապարակումներն ու գրառումները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազության միջոցով ուղարկվել էին Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:  

Արդյունքում վերոնշյալ երեք դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ և ուղարկվել ՀՀ ՔԿ`  նախաքննություն կատարելու և դեպքերի հանգամանքները օբյեկտիվ ու բազմակողմանի քննության միջոցով պարզելու նպատակով»,- ասված է վերջինիս տարածած հաղորդագրության մեջ։