Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի՝ (Պատրոն Դավիթ)-ի, կալանքի միջնորդությունները կքննվեն այսօր

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի՝ (Պատրոն Դավիթ)-ի, կալանքի միջնորդությունները կքննվեն այսօր
Իրավունք
11:27, 30 сентябрь 2021
Հայաստանի Պաշտպանության նախարարությանը զենք մատակարարող «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի կալանքի միջնորդությունը կքննվի այսօր ժամը 13։00-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Պատրոն Դավիթի պաշտպան Արմեն Հարությունյանը և նշեց, որ այլ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ չի հասցրել Դավիթ Գալստյանի հետ որևէ բան քննարկել։

Մեր տեղեկություններով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքի միջնորդության քննությունը նշանակված է այսօր ժամը 17։00-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։

Նշենք, որ ԱԱԾ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար․«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,-գրված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավարն է։ Նա այս տարվա սկզբին կալանավորվել, այնուհետև ազատ էր արձակվել։ Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։