Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու
Իրավունք
18:56, 01 октябрь 2021
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու, ինչպես նաև՝ նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դատարանի որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11.30-ին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով Աղվան Հովսեփյանին կալանավորելու և նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը։