Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե նախագահը վարչապետի առաջարկը ստանալու պահից չի դիմել ՍԴ, արդեն զրկվել է այդ հնարավորությունից․ Նիկոլայ Բաղդասարյան

Եթե նախագահը վարչապետի առաջարկը ստանալու պահից չի դիմել ՍԴ, արդեն զրկվել է այդ հնարավորությունից․ Նիկոլայ Բաղդասարյան
Իրավունք
17:46, 03 март 2021
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը համոզված է, որ ՀՀ նախագահի գործողությունները իրավաչափ չեն ԳՇ պետի ազատման գործընթացի հետ կապված։ «Նախ՝ նախագահի կողմից որոշում չկայացնելու և ԳՇ պետին չազատելու, նաև՝ օրենքի ուժով ԳՇ պետի լիազորությունները դադարեցվելու վերաբերմունքի առումով»,- Civic.am-ին ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Սահմանադրությունը նախագահի վրա դրել է ուղղակի պարտականություն բավարարելու ՀՀ վարչապետի առաջարկը։ 

«Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասում հստակ սահմանված է, որ ՀՀ նախագահը Զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարության կազմին, այդ թվում նաև ԳՇ պետին նշանակում և ազատում է վարչապետի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված դեպքերով և կարգով։ Այսինքն ՀՀ նախագահի նման որոշման կայացումը պայմանավորված է բացարձակապես օրենքով նախատեսված դեպքերի և կարգի հետ»,-բացատրեց պատգամավորը՝ շարունակելով․ «Այսինքն, նախագահի լիազորությունների շրջանակը սահմանված է զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ընթացակարգերի համաձայն՝ սահմանված է օր։ ՀՀ վարչապետի առաջարկը, եթե ներկայացված է ընթացակարգերին համապատասխան, ապա հանրապետության նախագահը չունի հայեցողական լիազորություն այն մերժել»։ 

Բաղդասարյանի խոսքով՝ ոչ իրավաբանական լեզվով դա նշանակում է, որ եթե ՀՀ վարչապետը ճիշտ ժամանակին և ճիշտ ձևակերպմամբ ներկայացնում է առաջարկություն, ապա այդ առաջարկությունը քննարկելի չի, այն միայն կարող է բավարարվել։ «Նախագահը իրավունք ունի այդ առաջարկությունը չբավարարել, միայն եթե Հանրապետության վարչապետը չի պահպանել ընթացակարգային, ժամկետային խնդիրներ։ Ընթացակարգերի չբավարարման դեպքում նոր նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան»,-նշեց նա։ 

Ըստ պատգամավորի՝ առաջին անգամ, երբ վարչապետը 133-րդ հոդվածի կազմով առաջարկություն էր ներկայացրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ, ՀՀ նախագահը  պետք է ղեկավարվեր 139-րդ հոդվածի 2-րդ մասով և եռօրյա ժամկետում իր առաջարկություններով վերադարձներ միջնորդությունը վարչապետին։ «Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, տվյալ դեպքում վարչապետը, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան։ Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը, ապա համապատասխան ակտը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով։ Այսինքն՝ նախագահը կամ պետք է դիմեր Սահմանադրական դատարան, կամ ստորագրեր առաջարկությունը։ Եթե այս երկու կետերից ոչ մեկը չի կատարում, ապա հաջորդ օրը այդ փաստատթուղթը իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ»,-բացատրեց պատգամավորը։ 

Մեր հարցին, թե կարո՞ղ է նախագահ Արմեն Սարգսյանն այսօր դիմել Սահմանադրական դատարան, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ այդ ժամկետը նախագահը բաց է թողել և չի դիմել։ «Եթե պատասխանը ստացել են, հաջորդ օրը այդ գործողությունը չեն արել, ապա երրորդ օրը արդեն փաստաթուղթը մտնում է ուժի մեջ»,- ասաց Բաղդասարյանը, ապա հավելեց, որ վաղը Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարում են։ 

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներն այսօր Արմեն Սարգսյանի տանը նրա հետ հանդիպելուց հետո հայտարարեցին, թե իր որոշման մասին նախագահը կտեղեկացնի։ Մեր հարցին, թե նախագահի հետ հանդիպումից հետո կարո՞ղ է նախագահը նոր որոշում կայացնել, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, թե խնդիրը Սահմանադրությամբ է կարգավորվում, ըստ որի՝ կարգավորում է, թե որ դեպքում նախագահը ինչ լիազորություն ունի։ 

Մեր ճշտող հարցին, թե դա ենթադրու՞մ է, որ այս պահից սկսած նախագահը այլևս չի կարող դիմել ՍԴ, Բադասարայնը պատասխանեց․ «Ոչ, եթե ստանալու պահից հետո չի դիմել Սահմանադրական դատարան, արդեն անելիք չունի և իրավունքի ուժով հարցը լուծվում է»։

Վովա Հակոբյան