Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանված արցախցու գործը կներառվի Ադրբեջանի դեմ ՀՀ միջպետական գանգատում. ՄԻԵԴ գրասենյակ

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանված արցախցու գործը կներառվի Ադրբեջանի դեմ ՀՀ միջպետական գանգատում. ՄԻԵԴ գրասենյակ
Իրավունք
19:50, 11 октябрь 2021
 
Նախօրեին Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանված Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցի գործը կներառվի Ադրբեջանի դեմ ՀՀ միջպետական գանգատում։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասացին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակից։

Հոկտեմբերի 9-ին Արցախի ՆԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող Նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):

Civic.am-ը փորձեց պարզել՝ արդյոք Հայաստանը դիմելո՞ւ է ՄԻԵԴ քաղաքացու սպանության գործով:  «Եվրոպական դատարանում կա ներկայացված միջպետական գանգատ Հայաստանի Հանրապետության անունից ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության։ Այդ գանգատում բարձրաձայնված են մի շարք խնդիրներ, այդ թվում՝  նաև քաղաքացիական անձանց սպանությունները, մահերը։ Ասել, որ պատրաստվում ենք դիմել ՄԻԵԴ, մի քիչ սխալ է, որովհետև դիմում վաղուց կա ներկայացրած, ուղղակի այդ դեպքը արդեն իսկ ներառվում է միջպետական գանգատում»,- մեզ հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի իրավաբան, փորձագետ Իգոր Միրզախանյանը։