Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյանի պաշտպանները կարող են գալ դատարան և պատճենահանել քննվող գործի իրենց կարծիքով վերաբերելի նյութերը․ դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Արմեն Գևորգյանի պաշտպանները կարող են գալ դատարան և պատճենահանել քննվող գործի իրենց կարծիքով վերաբերելի նյութերը․ դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը
Իրավունք
14:01, 12 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի հերթական դատական նիստը։ 

Ռոբերտ Քոչարյանին ու Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել գործարար Սիլվա Համբարձումյանից խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարան է ստացվել Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի դիմումը, որ պաշտպանը չի կարող ներկայանալ դատական նիստին այլ դատական նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառով։ Պաշտպանն իր դիմումում նշել է նաև, որ գործի նյութերն իրեն տրամադրվել են ոչ ամբողջությամբ, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանն ընդգծեց, որ փաստաբան Կոչուբաևին ժամանակին տրամադրվել են բոլոր վերաբերելի նյութերը։ 

Փաստաբան Կոչուբաևը խնդրել էր նաև ամբողջությամբ հրապարակել իր դիմումի բովանդակությունը, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանն ըդնգծեց, որ դատարանը պարտավոր չէ դատական գործի կողմերի կամ մասնակիցների հայտարարություններն ու դիրքորոշումներն ամբողջությամբ հրապարակել, և հարց ուղղեց Արմեն Գևորգյանին ու վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանին՝ արդյոք նրանք  նախընտրում են հրապարակել Կոչուբաևի դիմումն ամբողջությամբ, ինչին ի պատասխան ստացավ դրական պատասխան։ 

Լուսինե Սահակյանն ընթերցեց Ալեքսանդր Կոչուբաևի դիմումն ամբողջությամբ։ Վերջինս իր դիմումում նշել էր նաև, որ երեքշաբթի օրերին նշանակվող դատական նիստերը կհանգեցնեն իր ներկայության ապահովման անհնարինությանը, քանի որ երեքշաբթի օրերին կան այլ գործերով նշանակված դատական նիստեր, և այդ մասին ինքն իր նախորդ դիմումում տեղյալ էր պահել դատարանին․ «Դատախազական կողմն առարկել է պաշտպանական կողմի առաջարկը դատական նիստերն այլ օր տեղափոխելու վերաբերյալ ՝ պատճառաբանելով, որ դատախազությունը պլանավորել է ռեսուրսներն ու դրանք փոխել չի կարող»,-գրել է փաստաբանն ու նշել, որ ինքը զրկված է ներգրավվելու սույն վարույթով ընթացող նիստերին, ինչպես նաև ընդգծել էր, որ դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը հայտարարել է, որ քրեական գործի նյութերը բաղկացած են 46 հատորից, մինչդեռ իրեն տրամադրվել են մի քանի միջնորդություններ և դատական նիստի 4 արձանագրություններ։ Լուսինե Սահակյանը ասաց, որ իրեն ևս այդքան նյութեր են տրամադրվել դատարանի կողմից։

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ կրկին նշեց, որ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ Արմեն Գևորգյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանին և Ալեքսանդր Կոչուբաևին տրամադրվել են ներկա դրությամբ քննվող գործին վերաբերելի նյութերը և այդ հարցին այլևս չի անդրադառնալու․ «Միաժամանակ, եթե փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը գտնում են, որ ոչ բոլոր վերաբերելի նյութերն են տրամարդվել՝ ապա զրկված չեն ներկայանալու դատարան և պատճենահանելու իրենց կարծիքով վերաբերելի նյութերը»,-ասա Աննա Դանիբեկյանը։ 

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Կոչուբաևի ծանրաբեռնվածությանը՝ երեքշաբթի օրերին նիստերին ներկա գտնվելու անհնարինությամբ պայմանավորված՝ Աննա Դանիբեկյանը շեշտեց, որ արդեն 2 տարի է՝ դատական նիստի օրերը համաձայնեցված են կողմերի հետ և ըստ այդմ կայանում են ամեն երեքշաբթի օրերին․ «Հետևաբար դատարանը նպատակահարմար չի գտնում փոխել դատական նիստի օրերը»։