Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյանի պաշտպանը լքեց նիստերի դահլիճը՝ չթույլատրելով դատավորին հրապարակել մեղադրական եզրակացությունը․նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց

Արմեն Գևորգյանի պաշտպանը լքեց նիստերի դահլիճը՝ չթույլատրելով դատավորին հրապարակել մեղադրական եզրակացությունը․նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց
Իրավունք
16:14, 12 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի հերթական դատական նիստը բավական թեժ անցավ և լի միջնորդություններով, որոնք մերժվեցին դատավորի կողմից։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով՝ հաջորդ միջնորդությունը լինելու է դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ ներկայացնելը։ Փաստաբանը դատարանից պահանջեց իրեն տրամադրել գործի բոլոր նյութերն ու բավարար ժամանակ տրամադրել դրանց ծանոթանալու համար։ Լուսինե Սահակյանը նաև կարևորեց այն միջնորդությունների տրամադրումը, որով ներկայացվել են  նախագահող դատավորին նախկինում ինքնաբացարկ ներկայացնելու փաստարկները։

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ ընդգծեց, որ պաշտպանը զրկված չէ ծանոթանալու նախկին նախագահող դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններին, քանի որ դրանք հրապարակված են դատական տեղեկատվական համակարգում։ 

Աննա Դանիբեկյանը երբ արդեն ցանկացավ անցնել մեղադրական եզրակացության հրապարակմանը՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ դուրս է գալիս դահլիճից, և քանի որ իր պաշտպանյալը մնում է մենակ, ապա դատարանը չի կարող հրապարակել մեղադրական եզրակացությունը։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը ասաց, որ դատարանը թույլ չի տալիս Լուսինե Սահակյանին դուրս գալ դատարանից, իսկ փաստաբանը կրկին նշեց, որ իրեն անհրաժեշտ են գործի բոլոր նյութերը, և ինքը պարտավոր չէ դատական տեղեկատվական համակարգով ծանոթանալու գործի նյութերին։

Դատարանն արձանագրեց, որ փաստաբան Լուսինե Սահակյանն առանց դատարանի թոււյլտվության լքեց նիստերի դահլիճը, և այդ պայմաններում դատարանը չի կարող շարունակել դատական նիստը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ ընդգծեց, որ պաշտպանական կողմի որդեգրած վարքագիծն արդեն տևական ժամանակ է՝ շարունակվում է, և պարզ է՝ ինչ նպատակներ է հետապնդում։ Դատախազի խոսքով՝ դատարանի պարտականությունն է գործի նյութերը հասու դարձնել կողմերին, այլ ոչ թե պատճենահանել և վազել փաստաբանի հետևից և տրամադրել, որպեսզի նա ծանոթանա այդ նյութերին: 

 «Վստահ եմ, որ փաստաբան Լուսինե Սահակյանը գեթ մեկ անգամ չի եկել դատարան՝ ծանոթանալու գործի նյութերին կամ վերցնելու նիստերի ձայնագրությունները։ Սա իրավունքի չարաշահման կլասիկ դրսևորում է, փաստաբանը նախորդ դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ իր համար ողջամիտ ժամկետ է պետք գործի նյութերին ծանոթանալու համար, և մեր հարցումներին այդպես էլ չարձագանքեց, թե այդ ողջամիտ ժամկետը որն է։ Պարզ էր, որ այս դատական նիստը տապալվելու է այդ վարքագծի արդյունքում, և այդպես էլ տեղի ունեցավ։ Փաստաբանը չարամտորեն չի կատարում իր պարտականությունները»,- ասաց դատախազն ու միջնորդեց դատական սանկցիա կիրառել Լուսինե Սահակյանի նկատմամբ։ 

 Դատարանը որոշեց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողություն, որի մասին կտեղեկացվի Փաստաբանների պալատի նախագահին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 19-ին, ժամը 13։00-ին։