Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր երկրի համար երեք ատյանը լրիվ բավարար է»․ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Արսեն Մկրտչյան

«Մեր երկրի համար երեք ատյանը լրիվ բավարար է»․ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Արսեն Մկրտչյան
Իրավունք
11:42, 04 март 2021
Այսօր Աժ-ում շարունակվեց Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը, որի ընթացքում պատգամավորները հարցեր ուղղեցին թեկնածուներին։

Սուրեն Գրիգորյանը Արսեն Մկրտչյանին հարցրեց վերջինիս կարծիքը Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը իրար միացնելու և Գերագույն դատարան ստեղծման մասին։ Մկրտչյանն ասաց, որ լավ կլիներ եթե Սահմանադրական հանձնաժողովում լիներ նաև գործող դատավոր։ Մկրտչյանը նկատեց, որ, ըստ էության, մեր երկրում կա դատական չորս ատյան։ ՍԴ-ն, ըստ Արսեն Մկրտչյանի չի թաքցնում իր մոտեցումը հասնել փաստերին, որը սովորական դատարանների բացառիկ իրավասությունն է։

«Մենք պետք է գնահատենք՝ մեր երկրին ընդհնարապես չորս ատյան պետք է, թե ոչ։ Նաև ծախսային ազդեցության տեսանկյունից։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ունենալ լուծումներ, և երեք ատյանը մեր երկրի համար միարժեքորեն բավարար է, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ կա բաց, որը սահմանադրական դատարանը անընդհատ փորձում է լրացնել, դա իրավունքի գերակայության հիմքի բացակայությամբ այն գործերն են, որտեղ ՍԴ-ն տեսնում է և փորձում է միջամտել սահմանադրական իրավունքը պաշտպանելով», - ասաց Մկրտչյանը։ Ըստ Արսեն Մկրտչյանի՝ երեք ատյան պետք է լինի։ Երրորդ ատյանը կլինի սահմանադրական արդարադատություն իրականացնող, թե Գերագույն դատարանի մոդելով, դա պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրվի՝ գործող վիճակագրության հիման վրա։ «Հարցը ունի լուծում։ Ես միանշանակ կողմ եմ եղել երեք ատյանային մոդելին, բայց դեպի լուծում գնալուն մենք շատ աշխատանք և մտածելու բան ունենք»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը։

Արձագանքելով՝ Սուրեն Գրիգորյանն առաջարկեց հարցը դիտարկել նաև այդ մոտեցմանը դեմ մարդկանց տեսանկյունից։ «Ասում են, որ եթե խնդիրը այն է, որ դատարանները մեկը մյուսի տիրույթ են մտնում, եկեք լուծենք այդ խնդիրը, որովհետև մոդելը փոխելով կարող ենք կանգնել նոր խնդիրների առաջ», - ասաց Սուրեն Գրիգորյանը։ 

Արսեն Մկրտչյանը պատասխանելով ասաց, որ խնդիրը կարող ենք փորձել լուծել, բայց այն գոյություն ունի բոլոր երկրներում, որտեղ կա Գերագույն դատարան և Սահմանադրական դատարան։ «Մենք շփվում ենք դատավորների և այդ կոնֆլիկտների հետ, և դրա կրողն ենք։
Այդ խնդիրը կա և՛ Գերմանիայում, և՛ զարգացած բոլոր երկրներում», - ասաց Մկրտչյանը։ Ըստ նրա մեր երկրի համար երեք ատյանը լրիվ բավարար է, գոնե հենց միայն ծախսային տեսանկյունից։