Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ դատարանը քննում է Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ դատարանը քննում է Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ  բողոքը
Իրավունք
13:29, 04 март 2021
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ մարտի 4-ին, քննվում է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։

«Գործն այնքան անհիմն է, Արա Սաղաթելյանին կալանավորելը այնքան ապօրինի է, որ քիչ թե շատ իրավաբանության հետ առնչություն ունեցող ցանկացած անձ փաստերը դիտարկելիս տվյալ եզրահանգմանը կգա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։ 

«Մամուլով տարածվեց, որ այս գործով ձերբակալվել է չորս անձ, ունենք չորս տարբեր դատական ակտեր, այսինքն՝  նույնիսկ նույն փաստական հենքի վրա ունենք չորս տիպի դատական ակտեր, եւ հաշվի առնելով Վարագյանի հաղորդումը այն մասին, թե կալանքները ինչպես են ստացվել դատարանի նախագահի անմիջական միջամտությամբ՝ այստեղ խոսք չի կարող գնալ, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական որևէ դատարան կարող է Արա Սաղաթելյանին կալանքի տակ պահել», - ասաց նա։

Փաստաբանի խոսքով` իր ակնկալիքը Վերաքննիչ քրեական դատարանից ՝ օրինական եւ արդար որոշման կայացումն է։
Հիշեցնենք, որ Սաղաթելյանը կալանավորվել է փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։  Սաղաթելյանը մեղադրվում է «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։