Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի դատավոր Բորիս Բախշիյանը Գորիսի փոխքաղաքապետին 30 մլն դրամ գրավով ազատ արձակելու որոշում է կայացրել

Սյունիքի դատավոր Բորիս Բախշիյանը Գորիսի փոխքաղաքապետին 30 մլն դրամ գրավով ազատ արձակելու որոշում է կայացրել
Իրավունք
13:37, 15 октябрь 2021
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ՝ 30 մլն դրամ գրավի դիմաց փոխվել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը։ Նա նաև հավելեց, որ գումարն արդեն հայթայթել են, և շուտով Հովսեփյանն ազատության մեջ կլինի։ 

Մենուա Հովսեփյանը առաջիկա կիրակի կայանալիք Գորիսի ավագանու ընտրություններին առաջադրված «Առուշանյան» դաշինքի ցուցակի երկրորդ համարն է։ Ցուցակը գլխավորում է կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Երրորդը քաղաքապետի նախկին տեղակալ Իրինա Յոլյանն է։

Հովսեփյանը կալանավորվել էր օգոստոսի 18-ին՝ երկու ամիս ժամկետով։ Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված կարգադրիչ և կառավարչական գործառույթներով, ծառայողական կախվածությունը,  պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հարկադրել է նախընտրական քարոզչությանն ապահովել 80 անձի մասնակցություն: Բացի դրանից, Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով Գորիսի համայնքապետարանի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ, նույն համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Իրինա Յոլյանի, հանձնաժողովի անդամներ Արմինե Չոփչունցի և Սուսաննա Մկրտչյանի հետ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի՝ 3 200 000 ՀՀ դրամի էական վնաս: Հովսեփյանը նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ կատարել է իրեն վստահված համայնքի բյուջետային միջոցներից զգալի չափերի՝ 100 000 ՀՀ դրամի վատնում: 

Նշենք, որ երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ՝ Սիսիանի նախկին քաղաքապետ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ: