Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Իրավունք
20:05, 15 октябрь 2021
 Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

«Դատարանը մերժեց մեր բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ»,-ասաց պաշտպանը:

Նա նշեց, որ պաշտպանական կողմը, թեև դեռ որոշման օրինակը չի ստացել, ծանոթ չէ բովանդակությանը, սակայն,  հաշվի առնելով այն փաստարկները, որոնք ներկայացվել էին իրենց բողոքի մեջ, համոզված էր, որ դա պետք է բավարարվեր: Պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել:

«Չգիտեմ, թե որ ատյանով, չգիտեմ, թե երբ, հետագայում միջազգային որ դատարանում կստացվի, բայց հավաստիացնում եմ, որ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ լինելը արձանագրվելու է միանշանակ»,-պնդեց պաշտպանը:
Տոնոյանը դատարանում ևս ներկայացրել է իր հակափաստարկները:

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: