Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Հաագայի դատարանին ներկայացրեց «անճշտությունների տարափ»․ Եղիշե Կիրակոսյան. 1lurer.am

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԵՂԾ ՓԱՍՏԵՐ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. 1lurer.am
Ադրբեջանն Արդարադատության միջազգային դատարանում ոչ թե պատասխանեց հայկական կողմի ներկայացրած մեղադրանքներին ու փաստարկներին, այլ բուն հարցից փորձեց շեղել միջազգային կառույցի ուշադրությունը: Նիստը վերսկսվեց Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի դիրքորոշումների լսումով:

Եղիշե Կիրակոսյան (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ) - Մեր փաստացի պնդումներին արձագանքելու փոխարեն՝ Ադրբեջանը դատարանին ներկայացրեց «անճշտությունների տարափ»: Ներկայացվեցին քաղաքական հայտարարություններ և պատմական կեղծ փաստեր, որոնք ոչ մի առնչություն չունեն այն խնդիրների հետ, որոնց հետ կապված դիմել ենք՝ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով:
Ռոբերտ Կոլբ (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Հիմնական փաստարկը, որի վրա հիմնվում է Ադրբեջանը, պնդում է, որ բանակցային գործընթացը դատապարտված չէր ձախողման, սակայն Հայաստանը կոպտորեն տապալել է այս բանակցությունները դեռ նախապատրաստական փուլում: Հավանաբար, այս վարկածի պատճառն այն է, որ Ադրբեջանը պատրաստվում է մի քանի օրից նախատեսվող հակընդդեմ գործի քննությանը, որովհետև նրանց ներակայացրած հայելային հայցով լսումներն են: Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել կոնվենցիայի որևէ կետ: Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին բանակցությունները ձախողելու համար և միաժամանակ տարածում ատելություն, տանջում ռազմագերիներին և ոչնչացնում Հայաստանի մշակութային ժառանգությունը:

Ադրբեջանական կողմը ձախողված փորձեր կատարեց Ալիևի ատելություն քարոզող խոսքը ներկայացնել սխալ ընկալված: Հաագայի դատարանում Հայաստանի շահերի ներկայացուցիչը հիշեցրեց՝ ներկայացված հայցն ու հրատապ միջոցի պահանջը բացառապես բխում են Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի դրույթներից:

Եղիշե Կիրակոսյան - Ադրբեջանը նշեց, որ վերջին պատերազմը մեր հայցի և միջանկյալ միջոց կիրառելու դիմումի միակ դրդապատճառն է: Թեև պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրականության աղաղակող դրսևորումներով, այն ոչ մի դեպքում Հայաստանի հայցի և միջանկյալ միջոց կիրառելու դիմումի միակ պատճառը չէ: Դիմումում Հայաստանը ներկայացնում է բազմաթիվ ապացույցներ տասնամյակներ շարունակվող լուրջ և համակարգված կոնվենցիոն խախտումների վերաբերյալ: Հայաստանը համոզիչ ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող խտրական վերաբերմունքի օրինաչափության և գործելակերպի մասին, որը ենթադրում է անուղղելի վնասի հրատապ սպառնալիք: Եթե այն անարձագանք մնա, կհանգեցնի կոնվենցիայի հետագա խախտումների:

Անդրադարձ կատարվեց այսպես կոչված «ռազմավարի պուրակից» որոշ ցուցանմուշների հեռացմանը, այդպիսով Բաքուն փորձեց ներկայացնել, թե իբր խնդիրը լուծված է: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ հանգամանքը, որ Բաքուն այդ քայլին գնացել է Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո, վկայում է, որ իր խախտումներն Ադրբեջանն ընդունում է: