Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնության կոչերի դեպքերով քրգործերը դատարան չեն հասնում․ դատախազներին գնահատական տա՞նք, որ ուղղորդվում են․ փաստաբան

Բռնության կոչերի դեպքերով քրգործերը դատարան չեն հասնում․ դատախազներին գնահատական տա՞նք, որ ուղղորդվում են․ փաստաբան
Իրավունք
16:46, 04 март 2021
Թեպետ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը հեղափոխական իշխանության կողմից քրեականացվեցին, այնուամենայնիվ, հատկապես պատերազմից հետո՝ ակնհայտ քաղաքական հայացքներ հետապնդող և գործող իշխանությանն ուղղված բռնության կոչեր հնչեցնող անձինք շարունակում են մնալ անպատիժ: Իրավապահ համակարգը կարծես սահմանափակվում է նրանց՝ որպես մեղադրյալ ներգրավելով, և փաստերի հիման վրա հարուցված քրեական գործերը շարունակաբար չեն մուտքագրվում դատարան։ 

Քրեական գործեր են հարուցվում նաև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով, սակայն այստեղ էլ տեսնում ենք, որ համապատասխան փաստերի առկայության դեպքում դեռևս մեղադրյալներ ունենք, բայց ոչ ամբաստանյալներ։ 

Երեկ՝ մարտի 3-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) մեղադրանք առաջադրվեց հերթական անձին՝ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանին։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր․ «Շաբաթ օրը կանենք հսկայական հանրահավաք, որտեղ ցույց կտանք, որ մեր ամբողջ ժողովուրդն է մասնակցում դրան, և կշարունակենք գնալ առաջ։ Կարող են իրավիճակները բերել նրան, որ մեզ պետք լինի կատարել շատ ավելի կտրուկ գործողություններ։ Այս ժողովրդի մեջ մի 5000 գոնե երիտասարդ կան, որ շատ հիասթափվում են, ասում են եկեք-գնանք, ջարդենք, էս շենքը վերցնենք, այս շենքը։ Սպասեք, ձեր կարիքը կարող է գալ, բայց ավելի լավ կլինի, որ ձեր կարիքը չլինի, ինքն իրեն այդ ամեն ինչը արվի»։ 

Մեզ հետ զրույցում նախկին դատախազ, ներկայումս փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ նմանատիպ գործերը՝ մասնավորապես բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, ամիսներ քննելու անհրաժեշտություն չկա, մեկ շաբաթը բավարար է այդ գործերը դատարան ուղարկելու համար։

Իշխանությու՞նն է ձգձգում այդ գործերի դատական քննությունը, թե՞ դատախազներն են ուղղորդված աշխատում։ Մեր զրուցակցի տեսանկյունից՝ դա քննիչների ու դատախազների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք է։ «Երբ նախկինում քննիչը գործի քննության երկու ամիսը լրանալուց գալիս էր դատախազի մոտ և միջնորդություն էր ներկայացնում գործի քննությունը ևս երկու ամիս երկարացնելու համար, ինքն արդեն ուներ մեծ պրոբլեմ, որովհետև իրեն միշտ հարցնում էին՝ թե ինչու է ձգվում քննությունը։ Իսկ երբ քննիչը հաջորդ երկու ամսվա համար էր գալիս, այսինքն վեցերորդ ամսվա համար, քննիչը գնում էր այն աշխարհ հետ էր գալիս, որպեսզի դատախազին կարողանա հիմնավորի թե ինչու է ձգվել քննությունը»,-նշեց նա։ 

Ալեքսանդր Սիրունյանը շեշտում է, որ գործը կամ պետք է քննվի կարճվի կամ պետք է ուղարկվի դատարան, և ինքը հեղափոխությունից հետո բազմաթիվ անգամ շեշտել է, որ խնդիրը ոչ թե ինշխանության մեջ է, այլ քննիչների ու դատախազների․ «Ի՞նչ է նշանակում գործը տարի ու կես քննել։ Պրոբլեմը իշխանության մեջ չի, պրոբլեմը քննիչների ու դատախազների մեջ է։ Հիմա ցանկացած գործ, որ բացես, քննիչին հարցնես ի՞նչ ես արել, ինքը էշ-էշ կնայի քո վրա ու կասի երկու ամսում եկու մարդ եմ հարցաքննել։ Բռնություն գործադրելու հարապարակային կոչերի գործը պետք է գնա դատարան մեկ շաբաթվա ընթացքում, քննիչն ու դատախազն ինչո՞վ են զբաղված, եթե փաստը կա, արձանագրված է, առավել ևս երբ խոստովանում են իրենց արածը»։  

Նախկին դատախազն ընդգծում է, որ մեր օրենքում գրված է, որ քննիչին ղեկավարում է դատախազը և քննիչի անմիջական ղեկավար դատախազն է մեղավոր, որ գործերը չեն գնում դատարան․ «Դատախազները մեռան ասելով թե անկախ են, դե աշխատեք։ Հիմա ձեզ գնահատական տանք, որ դուք ուղղորդվու՞մ եք, թե՞ որ դուք անգործության եք մատնված»։ 

Հիշեցնենք, որ դեռևս 2020թ․դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանին՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու համար։ Այս տարի նույն հոդվածով մեղադրյալների շարքում են նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Նշենք, որ թե վերջինս, թե Գառնիկ Իսագուլյանը վարչապետին սպանելու կոչով են հանդես եկել։  

Մեր զրուցակից, նախկին դատախազ Ալեքսանդր Սիրունյանը խոսելով քննիչների ներկայիս ծանրաբեռնվածությունից՝ ընդգծեց, որ երբ քննիչն իր վարույթում ունենում է 15 գործ, արդեն իսկ չի կարող արդյունավետ աշխատել, իսկ այսօր քննիչները վարույթում ունեն 25, 40, նույնիսկ 60 գործ՝ դա նշանակում է, որ այդ քննիչը ոչնչով չի զբաղվում, մատնված է անգործության․ «Դա մասամբ քննիչի և հիմնականում դատախազի մեղավորությունն է։ Երբ ես Սևանի գաղութի դատախազ էի, Սևանի ՔԿՀ-ում նարկոտիկի ապօրինի տեղաշարժի դեպք արձանագրվեց։ Սևանի գաղութի պետը զանգեց՝ տեղեկացրեց, Երևանից առավոտյան գնացի Սևան։ Ազատազրկվածներից մեկը պետք է այդ օրը ազատվեր և մինչ նրա թղթերն էին ձևակերպում՝ դուրս է գալիս ու նարկոտիկ է ներս բերում, որ ընկերներին լավություն անի։ Իմ հանձնարարությամբ բոլոր ձևակերպումներն արեցին, նարկոտիկն արագ իջեցրին Երևան, որ փորձագետի եզրակացության փաստ ունենանք, թեպետ ակնհայտ է, որ նարկոտիկ է, բայց պետք է եզրակացությունն ունենաս։ Իմ քննիչը, որը ներկայումս քննչականի պետ է աշխատում այդ ընթացքում հարցաքննեց բոլորին թե ով կարող էր առնչություն ունենար այդ գործի հետ։ Եվ երեկոյան գործը գնաց դատարան։  Իսկ հիմա էլեմենտար գործը 6-8 ամսի քննում են»։ 

Նարա Մարտիրոսյան