Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Մարաբյանը միջնորդում է կասեցնել իր գործով վարույթը և դիմել ՍԴ՝ գործով կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցը վիճարկելու համար

Դատավոր Մարաբյանը միջնորդում է կասեցնել իր գործով վարույթը և դիմել ՍԴ՝ գործով կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցը վիճարկելու համար
Իրավունք
17:33, 18 октябрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԲԴԽ-ում քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Նշենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է Գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։ Վարույթը վերաբերում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցի վերաբերյալ դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշմանը։

Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը, քննելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, այն բավարարել է։ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելով՝ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշումը բեկանել է  և քննիչի միջնորդությունը՝ մերժել։

Նիստի ժամանակ Մարաբյանը միջնորդություն ներկայացրեց  սույն գործով կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության հարցը ՍԴ-ում վիճարկելու հետ կապված։ 

Նա մասնավորապես նշեց, որ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատաիրավական նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։ Նա կարծում է, որ այս նորմը հակասում է Սահմանադրության 162-րդ հոդվածին և Սահմանադրության 164-րդ հոդվածին։

«Ելնելով վերոգրյալից՝ սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով միջնորդում եմ կասեցնել սույն վարույթը և դիմել ՍԴ՝ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասին և ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասին հակասելու հարցը լուծելու խնդրանքով»,- միջնորդեց Մարաբյանը։ 

Լսելով կողմերի կարծիքները՝ խորհուրդը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդության քննարկման վերաբերյալ որոշում կայացնելու։

Խորհրդակցական սենյակից հետո խորհուրդը որոշեց սույն վարույթով դատավոր Սերգեյ Մարաբյանի ՍԴ դիմելու միջնորդության քննարկումը հետաձգել և դրան անդրադառնալ արդարադատության նախարարության դիրքորոշումը լսելուց հետո և սույն գործով նիստը շարունակել։

Հայտնելով իր դիրքորոշումը՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ասաց, որ այստեղ հակասահմանադրականության խնդիր չկա։

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո խորհուրդը նիստը հետաձգեց և այն նշանակեց  հոկտեմբերի 21-ին, ժամը 14.00-ին։