Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն այդպես էլ չներկայացավ նիստին․ դատական նիստը կրկին հետաձգվեց

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն այդպես էլ չներկայացավ նիստին․ դատական նիստը կրկին հետաձգվեց
Իրավունք
15:50, 19 октябрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը՝ նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Այսօրվա նիստի ժամանակ դատական նիստին չէր ներկայացել Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Դատարանը ընդմիջում էր հայտարարել, պարզելու համար, թե ինչու փաստաբանը չի ներկայացել։

Ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանի աշխատակազմը հեռախոսակապի միջոցով զրուցել է Լուսինե Սահակյանի հետ և վերջինս հայտնել է, որ դատարանի էլեկտրոնային փոստին դիմում է ուղարկել, որում նշված է, որ շարունակում է գործի բազմահատոր նյութերին ծանոթանալ, բացի դա, դատարանի կողմից իրեն չեն տրամադրվել գործի ամբողջ նյութերը, ուստի հաշվի առնելով գործի ծավալը, քրեական գործի նյութերին բնականաբար դեռ ծանոթ չէ, բացի դա նախօրեին մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը, և նկատի ունենալով, որ նշված պատճառներով դատական նիստին ներկայանալ չի կարող, խնդրում է այն հետաձգել։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հայտնելով իր դիրքորոշումը, ասաց, որ դատարան ստացած Լուսինե Սահակյանի դիմումի րոպեն էլ ինչ-որ բան հուշում է։ 

«Բայց դատական նիստը ընդմիջվելուց հետո աշխատակազմը կապվում է Լուսինե Սահակյանի հետ, պարզում, որ նա դիմում է ուղարկել, հետո դիմումը նոր ստանում էլեկտրոնային փոստին։ Մենք էլ առաջին անգամ ենք էլեկտրոնային փոստի մասին լսում և առաջին անգամ ենք իմանում, թե էլեկտրոնային փոստին ինչ արագությամբ են հասնում դիմումները։ Սա դատարանի համար՝ նկատի ունենալով, հայտարարությանս և միջնորդությանս մեջ նշած ու հիմնավորած վարքագիծը, որը դրա ապացույցն էր»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։ Նշենք, որ ընդմիջումից առաջ դատախազը միջնորդել էր դատավարական սանկցիա կիրառել Լուսինե Սահակյանի նկատմամբ։
Հաշվի առնելով, որ պաշտպանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, դատական նիստը հետաձգվում է, այն կկայանա հոկտեմբերի 26-ին, ժամը 13․00-ին։