Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պողոս Պողոսյանին «Առագաստում» սպանած Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց գործը կարճել․ դատական նիստը հետաձգվեց

Պողոս Պողոսյանին «Առագաստում» սպանած Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց գործը կարճել․ դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
18:07, 04 март 2021
Այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված էր «Առագաստ» սրճարանում տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից սպանված Պողոս Պողոսյանի գործի քննությունը։ 

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը տարիներ առաջ սրճարանում սպանել էր Պողոս Պողոսյանին և դատապարտվել 2 տարի պայմանական ազատազրկման։  

Այսօր դատական նիստին ներկա չէր Պողոս Պողոսյանի իրավահաջորդը՝ Գևորգ Պողոսյանը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը փորձեց ճշտել թե ինչու Պողոս Պողոսյանի իարվահաջորդը ներկա չէ դատական նիստին և նշեց, որ ծանուցումը հետ է վերադարձվել դատարան՝ չպահանջված նշումով։

Ի պատասխան այս հարցադրման տուժողի իրավահաջորդի պաշտպանն ընդգծեց, որ Գևորգ Պողոսյանի մշտական բնակության վայրը Վրաստանն է, և թեպետ որպես բնակության վայր նշվում է Հայաստանը, այնուամենայնիվ իրավահաջորդը այս պահին Վրաստանում է և կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի կարող գալ Հայաստան։ Պաշտպանը խնդրեց հարգելի ճանաչել Գևորգ Պողոսյանի բացակայությունը։

Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանն այս դատական նիստին ևս  քրեական գործը վերաբացելու օրինականությունը կասկածի տակ դրեց և միջնորդություն ներկայացրեց դատարան դատական նիստը հետաձգելու՝ ընդգծելով որ ինքը դատարանի աշխատակազմից փաստաթղթեր է պահանջել։

Աղամալ Հարությունյանի պաշտպանի միջնորդությունն  այսքանով չավարտվեց նա նաև միջնորդեց քրեական գործի վաղեմության ժամկտեն անցնելու հիմքով դադարեցնել քրեական հետապնդումն ու կարճել գործը։ 

Դատավոր Կարեն Ֆարխոյանը մասնակի բավարարեց Աղամալ Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը՝ տրամադրելով ժամանակ  դատարանի աշխատակազմից փաստաթղթեր ստանալու համար։ Իսկ Ինչ վերաբերում է վաղեմության ժամկետով գործը կարճելուն՝ Կարեն Ֆարխոյանն ընդգծեց․ «Այդ միջնորդությունը կքննվի, երբ դատավորի ու դատավարության մասնակիցների բացարկ-ինքնաբացարկի հարցերը կքննարկվեն, երբ բոլորին ևս մեկ անգամ ձեր իրավունքների ու պարտականություններ մասին կհիշեցնեմ, այդ ժամանակ կանդրադառնամ ձեր կողմից ներկայացված միջնորդությանը»։

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին ժամը 14։30, տուժողի իրավահաջորդի ներկայությունն ապահովելու համար՝ դատարանը դատական նիստին ներկա լինելու ծանուցումը կուղարկի Վրաստան։