Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն մերժեց Արարատ Միրզոյանի մահափորձի մեջ մեղադրվողին կալանքից ազատած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց Արարատ Միրզոյանի մահափորձի մեջ մեղադրվողին կալանքից ազատած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Իրավունք
15:05, 25 октябрь 2021
ԲԴԽ-ում ավարտվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Իրավաբան․net-ը հայտնում է, որ խորհուրդը որոշեց մերժել նախարարության միջնորդությունը։ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ որոշումը ընդունվել է միաձայն։

Հիշեցնենք, որ դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանը, քննելով Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, որոշել է բավարարել այն, ինչը պաշտպանության կողմը վիճարկել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի բողոքը՝ բեկանելով Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչի դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։