Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյանի պաշտպանը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց

Արմեն Գևորգյանի պաշտպանը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց
Իրավունք
14:31, 26 октябрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, որը պաշտոնապես սույն գործով ներգրավվեց այսօր, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց՝ կասկածի տակ դնելով դատարանի անաչառությունը։

Միջնորդության հիմքում դրվել է նաև Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ «Դանիբեկյանի քթի վիրահատության» գործը, որի շրջանակներում Դանիբեկյանը ներգրավված է որպես տուժող, իսկ փաստաբանը՝ Կոչուբաևը, «Քթի» գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով, բայց՝ կասկածանքի շուրջ։ Բացի այդ՝ պաշտպանը տեղեկացրեց, որ դատավոր Դանիբեկյանի վարույթում քննվող քրեական գործերից մեկով, որով Կոչուբաևը ներգրավված է որպես փաստաբան, դատավորը խոչընդոտներ է առաջացրել՝ իր պաշտպանյալին ՔԿՀ-ում այցելելու համար, ինչպես նաև՝ առանց Կոչուբաևի դատական նիստ է իրականացրել, թեև պաշտպանին ասել էին, որ նիստը հետաձգվելու է։

Պաշտպանը նաև մտահոգություն հայտնեց, որ սույն գործով դատավոր Դանիբեկյանը 79 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու համար իրեն և Լուսինե Սահակյանին տվել է 7 օր ժամանակ, ինչը վկայում է իրենց նկատմամբ կողմնակալ վիճակում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միացան ներկայացված միջնորդությանը։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատավարության ընթացքում ակնհայտ է եղել դատավորի սուբյեկտիվ վերաբերմունքը Արմեն Գևորգյանի նկատմամբ։ Նրա խոսքով, դատավարության մասնակիցները տեսել են դատավորի որոշումներն ու գործողությունները, որոնք ակնհայտորեն սահմանափակել են Գևորգյանի իրավունքները։