Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ին սպանվածի հայրը դատի է տվել Սայաթ Շիրինյանին. armtimes.com

Մարտի 1-ին սպանվածի հայրը դատի է տվել Սայաթ Շիրինյանին. armtimes.com
Իրավունք
12:51, 05 март 2021
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դատի է տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանին, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նա պահանջում է հատուցել պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը:

Քլոյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Շիրինյանը փետրվարի 1-ին իր ֆեյսբուքյան էջում ե՛ւ զրպարտող, ե՛ւ վիրավորական հայտարարություններ է արել Գոռ եւ Սարգիս Քլոյանների հասցեին:
«Գոռ Քլոյանի վերաբերյալ թմրամոլ լինելու մասին էր հայտարարություն արել, Սարգիս Քլոյանի մասին հայտարարել էր, թե Գոռի երեխաներին դրամական աջակցություն չի հատկացնում: Այսպիսի կեղտոտ, էժան, ստոր գնահատականներ եւ պնդումներ են արվել, որոնք սուտ են, զրպարտող են, արատավորող են»,- ասաց Եգորյանը:

Հարցին՝ ի՞նչ է պահանջում Սարգիս Քլոյանը, Եգորյանը պատասխանեց. «Պահանջում ենք ներողություն խնդրել եւ 2 մլն դրամ փոխհատուցում վճարել»:

Հայցը ներկայացվել է 2021 թվականի մարտի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: