Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց ընտրական հանցագործություն կատարելու համար

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց ընտրական հանցագործություն կատարելու համար
Իրավունք
15:30, 27 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Գորիս համայնքի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն»-ի տնօրեն Հայկ Խաչատրյանի գործով դատական վճիռը։ Դատարանը Հայկ Խաչատրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 149.1֊րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 2֊րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և որպես պատիժ նշանակեց ազատազրկում 4 տարի ժամկետով՝ համայնքային, ոչ առևտրային կազմակերպություններում կազմակերպչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով։ Դատարանը որոշեց նաև, ՀՀ Քրեական օրենսգրքի 70֊րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։ 

Ամբաստանյալի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ 

Հիշեցնենք՝ Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը հունիսի 17-ին ձերբակալվել էր՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով։ Ըստ պաշտոնական վարկածի՝ հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել էր, իսկ երկու օր անց՝ դատարանի որոշմամբ կալանավորվել։

Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը խնդրեց դատարանին մեղավոր ճանաչել Հայկ Խաչատրյանին և պատիժ նշանակել ազատազրկում՝ հինգ տարի ժամկետով։

Հայկ Խաչատրյանն իրեն մեղավոր չէր ճանաչել և խնդրել էր Դատարանին հաշվի առնել հանգամանքը, որ երկու մանկահասակ երեխայի ծնող է և նրանց միակ կերակրողը։

Վովա Հակոբյան