Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գողություն հեռախոսների խանութից. մեկ անձ ձերբակալվել է

Գողություն հեռախոսների խանութից. մեկ անձ ձերբակալվել է
Իրավունք
22:39, 28 октябрь 2021
2021 թ. հոկտեմբերի 28-ին` ժամը 05:30-06:30-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապակին կոտրելու, այնուհետև ճաղավանդակը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Երևանի Կոմիտասի փողոցում գործող խանութ-սրահ, որտեղից հափշտակել են տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ, ժամացույցներ, ականջակալներ, ինչպես նաև դրամարկղից հափշտակել են գումար ու դիմել փախուստի: Նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են վերջիններիս, և փախուստի ընթացքում նրանցից մեկը բռնվել է ու բերման ենթարկվել:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վերջինիս ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990 թ.:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

31-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու, ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: