Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն բավարարեց միջնորդությունը․ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը

ԲԴԽ-ն բավարարեց միջնորդությունը․ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը
Իրավունք
17:08, 04 ноябрь 2021
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները գտնում են, որ ԲԴԽ դատավոր անդամ Ստեփան Միքայելյանը չի կարող քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացրել՝ վարույթը կարճելու մասին։ Որպես հիմք մատնանշվել է այն հանգամանքը, որ դատավոր Նախշքարյանի դեմ վարույթ է հարուցվել Գևորգ Գյոզալյանի հաղորդման հիման վրա, որը, թեև հանդես էր եկել որպես Փաշինյանների ներկայացուցիչ՝ քաղաքացիական գործի շրջանակներում, նշված դեպքում նա հաղորդում ներկայացնելու լիազորություն չի ունեցել։

Այսօրվա նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները պետք է հայտնեին իրենց դիրքորոշումը՝ կարճման միջնորդության վերաբերյալ, սակայն մինչ դրան անցնելը Երանուհի Թումանյանցը միջնորդություն ներկայացրեց՝ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ գտնելով, որ Միքայելյանն ունի կանխակալ վերաբերմունք; Ընդ որում, որպես հիմք մատնանշվել է այն հանգամանքը, որ Միքայելյանը նախորդ նիստին հարցեր էր ուղղել՝ կարճման միջնորդության վերաբերյալ, որը արդարադատության նախարարության ներկայացուցիչների մոտ տպավորություն էր առաջացրել, որ Միքայելյանն արդեն իսկ ունի դիրքորոշում, որ Գյոզալյանը չէր կարող հաղորդում ներկայացնել նախարարություն, քանի որ լիազորված չի եղել։ Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ զարմացած է միջնորդությունից, քանի որ Բարձր դատարաններում, այդ թվում՝ ԲԴԽ-ում հաճախ հարցեր են հնչում, որոնք կարող են տպավորություն ստեղծել հաստատված դիրքորոշման վերաբերյալ։

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ինչից հետո որոշեց բավարարել միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթ է հարուցվել՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։