Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Անդրեասյանը ՌԴ և Բելառուսի պատվիրակությունների հետ քննարկել է նոտարական ոլորտի խնդիրները

Կարեն Անդրեասյանը ՌԴ և Բելառուսի պատվիրակությունների հետ քննարկել է նոտարական ոլորտի խնդիրները
Իրավունք
23:02, 05 ноябрь 2021
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկին, Բելառուսի նոտարական պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ելենա Մոսկալին, ինչպես նաև ՌԴ և Բելառուսի մի շարք քաղաքների նոտարական պալատների նախագահներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու Հայաստանի նոտարական պալատի նախագահ Լիլիթ  Մուրադյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ՌԴ և Բելառուսի նոտարները Հայաստանում են՝ նոյեմբերի 6-ին հայ գործընկերների հետ կայանալիք նիստին մասնակցելու նպատակով՝ քննարկելու համար նոտարական ոլորտում վերջին երկու տարիների օրենսդրական փոփոխություններն ու իրավակիրառ պրակտիկան։ 

«Նախարար Անդրեասյանը բարձր է գնահատել նոտարների գործունեությունը, ընդգծել, որ ԱՊՀ տարածքում ստեղծված նոտարական հարթակները, ինչպես նաև նոտարական կառույցների գործակցության յուրաքանչյուր քայլ նոր որակ են հաղորդում մեր երկրների իրավական համագործակցության ոլորտում ձեռքբերումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում նախարարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ոլորտում առկա մի շարք խնդիրների, մասնավորապես՝ նոտարների և քաղաքացիների կողմից բարձրացվող այն հարցին, որ գործընկեր երկրներում, Հայաստանում կատարված նոտարական թարգմանությունների վավերացումները, հաճախ, չեն ընդունվում, կամ լրացուցիչ դժվարություններ են առաջացնում Հայաստանի քաղաքացիների համար՝ առաջարկելով շաբաթ օրը կայանալիք համատեղ նիստում քննարկման առարկա դարձնել նաև այս հարցն ու գտնել դրա լուծման ճանապարհը։