Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն ուսումնասիրում է նախագահի ուղարկած «ՀՀ դատական օրենսգրքի» և մասնագիտացված դատավորների ինստիտուտի ստեղծման նախագծերը

ՍԴ-ն ուսումնասիրում է նախագահի ուղարկած «ՀՀ դատական օրենսգրքի» և   մասնագիտացված դատավորների ինստիտուտի ստեղծման նախագծերը
Իրավունք
18:46, 05 март 2021
Փետրվարի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարան ուղարկված մասնագիտացված դատավորների ինստիտուտի ստեղծման նախագիծը  նախնական ուսումնասիրման փուլում է: 

Հիշեցնենք, որ մինչդատական քրեական վարույթի` այդ թվում կալանքի վերաբերյալ որոշումները, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունները քննելու համար դատավորներին մասնագիտացնելուն նպաստող նախագիծն այս տարի գործադրի և օրենսդրի կողմից հավանության էր արժանացել: Սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իրեն ներկայացված օրենսդրական փաթեթը չի ստորագրել և որոշում է կայացրել` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքում փոփոխությունների մասին նախագիծն ուղարկել Սահմանադրական դատարան:

Civic.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ նախագահի կողմից նախագիծը ՍԴ ուղարկելու պատճառով ձգձգվում է դատարանների բեռնաթափման հարցը. «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նույն դատարանում, առաջին ատյանի դատարանում կմասնագիտանան որոշ դատավորներ, որոնք կքննեն մինչդատական վարույթի գործերը` մասնավորապես կալանքի, օպերատիվ հետախուզական միջոցառումների»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ ներկայումս մենք ունենք անչափահասների գործերը քննող մասնագիտացված դատավորներ՝ հետևաբար մեր օրենսդրությունը նման կարգավորում նախատեսում է. «Նախագիծը նախատեսում էր, որ համալրվի դատարանը մինչև տասնութ դատավորներով: Եվ այս օրենքի ձգձգումը դատավորների բեռնաթափման հարցն է խոչընդոտում: Եթե մենք ունենայինք մասնագիտացված դատավորներ մինչդատական վարույթի գործերը քննելու` դրանով իսկ մենք նաև կբեռնաթափեինք այդ գործերը քննող դատավորներին»: 

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ կան այնպիսի պետություններ, որտեղ նույնիսկ երթևեկության կանոնների խախտման հետևանքով պատճառված վնասի գործերով են մասնագիտացված դատավորները:

Մեր դիտարկմանը` արդյոք կալանավորման որոշումներն  առանձին` մասնագիտացված դատավորների կողմից քննելը` իշխանության ձեռքին գործիք չի՞ դառնա`  ԱԺ պատգամավորն  արձագանքեց. «Նշանակվելիք դատավորների 50 տոկոսը պետք է լինեն արդեն իսկ գործող դատավորներ, այսինքն նույն` Կենտրոնի դատարանի դատավորը, որն այսօր քննում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու հարցը` օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինքը այդ նույնը կքննի որպես մանսագիտացված դատավոր, ավելանում է միայն ԲԴԽ-ի որոշումը, որ տվյալ դատավորին մասնագիտացնելու են»:

ԱԺ պատգամավորը տեղեկացրեց նաև, որ ինքը նախագիծ է ներկայացրել, որպեսզի իրականացվի նաև վարչական գործեր քննող դատավորների մասնագիտացման հարցը:

Մենք կապ հաստատեցինք նաև ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի հետ` տեղեկանալու, թե որ հոդվածների առնչությամբ է ՀՀ նախագահը որոշել դիմել Սահմանադրական դատարան և երբ է նշանակված օրենսդրական փաթեթի Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննությունը: Մեր հարցադրումների պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«24․02․2021 ամսաթվով Սահմանադրական դատարանը ՀՀ նախագահից դիմում է ստացել հետևյալ առարկայով, մեջբերում եմ բառացի․ «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի՝ Սահմանադրության 4-րդ հոդվածին, 61-րդ և 63-րդ հոդվածների առաջին մասին, 163-րդ և 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում»։

Նշենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դրական էր գնահատել նախագիծը և չէր արտահայտել մտավախություն, որ մինչդատական վարույթի գործերը` մասնավորապես կալանքի ու խուզարկության որոշումները քննող դատավորները իշխանահաճո որոշումներ կկայացնեն: Իսկ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախատեսվող փոփոխությունները գնահատել էր ոչ թե իրավական, այլ քաղաքական:

Նարա Մարտիրոսյան