Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է
Իրավունք
16:33, 11 ноябрь 2021
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը եւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ Հովսեփյանին նախորդ ամիս Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակել:

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։  Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված կարգադրիչ և կառավարչական գործառույթներով, ծառայողական կախվածությունը,  պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հարկադրել է նախընտրական քարոզչությանն ապահովել 80 անձի մասնակցություն: 

Բացի դրանից, Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով Գորիսի համայնքապետարանի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ, նույն համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Իրինա Յոլյանի, հանձնաժողովի անդամներ Արմինե Չոփչունցի և Սուսաննա Մկրտչյանի հետ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի՝ 3 200 000 ՀՀ դրամի էական վնաս: Հովսեփյանը նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ կատարել է իրեն վստահված համայնքի բյուջետային միջոցներից զգալի չափերի՝ 100 000 ՀՀ դրամի վատնում: