Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Զարուհի Նախշքարյանի պաշտպանի՝ ԲԴԽ անդամին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Զարուհի Նախշքարյանի պաշտպանի՝ ԲԴԽ անդամին  ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
Իրավունք
17:27, 11 ноябрь 2021
ԲԴԽ-ում շարունակվում է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դատական նիստը։

Զարուհի Նախշքարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նիստի ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին՝ նշելով, որ նա կարծիք է հայտնել։ 

Վերջինս էլ, հայտնելով իր դիրքորուշումը ներկայացված միջնորդության վերաբերյալ, ասաց, որ զարմացած է Մելիքյանի ներկայացրած միջնորդությունից՝ հետևյալ հանգամանքները հաշվի առնելով։  

«Ես անցյալ նիստից հետո, ինչպես և դուք, նայել եմ համապատասխան տեսանյութը և արձանագրել եմ հետևյալը։ Ինձ նախագահողը հնարավորություն է տալիս, և ես հարցս բառացի վերարտադրել եմ։ Պարոն Մելիքյանին հարցս ուղղել եմ՝ կապված միջնորդության  երկրորդ մասի հետ։ Դուք արդարադատության նախարարին դիմում ներկայացնելը դատավարական գործողությո՞ւն եք դիտարկում, որևէ ներկայացուցչություն իրականացնելիս փաստաբանը կարող է այլ գործողություններ ևս կատարել, օրինակ՝  ԶԼՄ-ներին հարցազրույց տալը։ Դրա վերաբերյալ նույնպես լիազորագրի մեջ նշում չկա, բայց դա ինքն անում է՝ ելնելով իր կարգավիճակից, որպես փաստաբան և այլն։ Դուք իմ այս հարցադրմանն արձագանքում եք բառացի հետևյալ կերպ. շնորհակալ եմ այս հարցի համար, սա կարևոր պարզաբանում պահանջող հարց է։ Եվ դրանից հետո մոտ երկու րոպե ձեր այդ նշած պարզաբանումը ներկայացնում եք։ Դրանից հետո պարոն Ջհանգիրյանը  հարց է  ուղղում ինձ՝ ասելով, թե արդյոք ես հարցե՞ր ունեմ։ Ես ձեռքով նշան եմ անում, որ ոչ, ու դրանով այս ամենն ավարտվում է։ Եվ հաշվի առնելով, որ փաստորեն  իմ այդ խոսքերը հարց են, կարևոր պարզաբանում են պահանջում, ըստ ձեզ՝ ինչպե՞ս սա կարող է  ինքնաբացարկի կամ օրինականության  հիմք հանդիսանալ։ Խնդրում եմ  պատասխանեք»,- հարցրեց Վիգեն Քոչարյանը։   
Ռուբեն Մելիքյանն էլ, մի փոքր փաստական ճշտում ներկայացնելով իրենց սղագրությոից, ասաց, որ երբ Վիգեն Քոչարյանը հարցնում է, որ արդարադատության նախարարին դիմում գրելը դատավարական գործողություն եք համարում հարցից հետո լինում է կարճ դադար, և այդտեղից  սկսում է, իրենց պատկերացմամբ, պնդումը։

«Որովհետև ներկայացուցչություն իրականացնելիս փաստաբանը կարող է այլ գործողություն կատարել և այլն։  Մեր պատկերացմամբ՝ այստեղից սկսում է պնդումը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև արդարադատության նախարարության ներկայացուցիչը, որը խնդրեց կողմի միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու հիմքով։ Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադառնալուց հետո մերժեց Մելիքյանի ներկայացրած միջնորդությունը։