Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Զաքարյանին մեղադրանք առաջադրվել է մինչ նրա պատգամավոր դառնալը՝ 2021 թվականի հուլիսի 19-ին. դատախազություն

Իշխան Զաքարյանին մեղադրանք առաջադրվել է մինչ նրա պատգամավոր դառնալը՝ 2021 թվականի հուլիսի 19-ին. դատախազություն
Իրավունք
12:57, 12 ноябрь 2021
2020թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում Իշխան Զաքարյանի և մյուսների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա։
Civic.am-ի հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստացում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով  (հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը)։
Նա նշեց, որ  քրեական գործով նախաքննությամբ ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով,  և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Քննության ընթացքում կալանք է դրվել նաև Իշխան Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վրա։ Նախաքննությունը շարունակվում է։

Այն դիտարմանը, որ մամուլում շրջանառվում էր այն լուրը, թե Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Սահմանադրության  խախտմամբ՝ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու, Արևիկ Խաչատրյանը պատասխանեց. «Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է 2021 թվականի հուլիսի 19-ին՝  մինչև նրա՝ որպես ԱԺ պատգամավոր գրանցվելը և մանդատ ստանալը և ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորընտիր ԱԺ լիազորությունների ժամկետի սկիզբը»։