Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրի մաքսային անցակետի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Մեղրի մաքսային անցակետի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
17:13, 12 ноябрь 2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. սեպտեմբերի 25-ին Ագարակ քաղաքի բնակիչը Մեղրի մաքսային անցակետի մաքսային զննման գոտում խոչընդոտել էր իր ավտոմեքենան պարտադիր զննության ենթարկելու գործընթացը, հակադրվել և վիճաբանել էր իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, սպառնացել էր, քաշքշել և հարվածներ հասցրել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև եղբոր հետ մտնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետի աշխատասենյակ, սպառնալով պահանջել և պարտադրել էր ավտոմեքենայի պարտադիր մաքսային զննում չկատարել և եղբոր հետ միասին ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ավելի վաղ մյուս եղբայրը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ էր ներգրավվել, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Որոշում է կայացվել՝ վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատելու և նախաքննությունն առանձին վարույթում շարունակելու մասին:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: