Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ խոսքն ուղղված չի եղել վարչապետին». «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով դատավոր Նախշքարյանը պարզաբանում է՝ ինչու բացարկ չի հայտնել

«Իմ խոսքն ուղղված չի եղել վարչապետին». «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով դատավոր Նախշքարյանը պարզաբանում է՝ ինչու բացարկ չի հայտնել
Իրավունք
18:10, 15 ноябрь 2021
Այսօր ԲԴԽ-ում շարունակվեց դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ 

Ըստ միջնորդության՝ դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել անչափահաս հայցվորի՝ Շուշան Փաշինյանի օրինական ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սակայն ինքնաբացարկ չի հայտնել։ Մասնավորապես, դատավորի կողմնակալությունն արտահայտվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների շրջափակման, ինչպես նաև Փաշինյանի կողմից դատավորների նկատմամբ «վնգստացող դատավորներ» արտահայտությունների վերաբերյալ գնահատականներով, որոնց մասին խոսել է իր հարցազրույցներում։

Դատավորը նշել է, որ ինքը վիրավորվում է, երբ դատավորներին անվանում են «վնգստացող դատավորներ», և այդ հայտարարությունները կարող են նվաստացնել դատական համակարգը։ Այս հիմքով հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք հայցվորի օրինական ներկայացուցչի՝ հոր նկատմամբ, ինչը մերժվել է։ Դատարանն արձանագրել է, որ չկա որևէ խոսք, որը կարող էր մեկնաբանվել որպես քաղաքական, և իր խոսքերը չեն վիրավորում, չեն վերաբերում հայցվորի օրինական ներկայացուցչին։

Այսօրվա նիստում  Զարուհի Նախշքարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ներկայացնելով իրենց պատասխանը, նշեց, որ իրենք ամբողջությամբ առարկում են արդարադատության նախարարության ներկայացրած տվյալ միջնորդության դեմ և կարծում են, որ այն ենթակա է մերժման։

«Մենք պնդում ենք, որ դատավոր Նախշքարյանը չի խախտել Դատավարության օրենսգքրի 71 հոդվածով  սահմանված իր պարտականությունը՝ հայտնելու ինքնաբացարկ, քանի որ օբյեկտիվորեն առկա չեն եղել այդպիսի հանգամանքներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործում նրա անաչառության մեջ։ Մասնավորապես դատավորը կանխակալ վերաբերմունք չի ունեցել  որպես կողմ  հանդես եկող անձի օրինական  ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։ 
 
Զարուհի Նախշքարյանի մեկ այլ պաշտպան՝ Սիրանուշ Սահակյանը նույնպես ասաց, որ  դատավորի նկատմամբ հարուցված վարույթը ենթակա է մերժման։ 

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ, դիմելով Զարուհի Նախշքարյանին, հարցրեց. «Դուք ձեր որոշման մեջ նշել եք, որ ըստ էության չեք նույնականացնում Նիկոլ Փաշինյան վարչապետին որպես Փաշինյանի աղջկա ներկայացուցչի, այդ իսկ պատճառով գտել եք, որ չի կարող լինել շահ կամ ինչ-որ շահագրռվածություն այս գործով հայցվորի ներկայացուցչի նկատմամբ։ Ես ուզում եմ հասկանալ՝ դուք այս  հարցը քննարկելիս ձե՞ր տեսանկյունից եք նայել այս հարցին, թե՞ անկողմնակալ դիտորդի»։ 

Ի պատասխան Զարուհի Նախշքարյանն ասաց, որ իր խոսքը, թե՛ հարցազրույցներում և թե՛ հայտարարության մեջ, վերաբերել է  գործադիր իշխանությանը։ 

«Ընդ որում, եթե դուք առավել մանրամասն ուսումնասիրեք այն ձայնագրությունները, որոնք, եթե չեմ սխալվում, ձեր վարույթում կան, դուք կհամոզվեք, որ իմ խոսքն ուղղված չի եղել ՀՀ վարչապետին բացառապես, այլ ուղղված է եղել տարբեր պաշտոնատար անձանց, ԱԺ պատգամավորներին, որոնք թույլ են տվել որակումներ, որոնք, իմ կարծիքով չպետք է թույլ տային դատական իշխանության ներկայացուցիչների հանդեպ, այդ թվում՝ նախարարների արտահայտություններին, այսինքն՝ իմ խոսքերը ուղղված են եղել  գործադիր իշխանությանը և որոշակի առումով  հակազդել են դրանց։ Ինչ վերաբերում է Շուշան Փաշինյանի հայցին, որը հարուցվել է իմ արտահայտություններից շուրջ մեկ տարի հետո, իսկ բացարկը ներկայացվել է մեկուկես տարի հետո, ապա Շուշան Փաշինյանը բոլորովին այլ կարգավիճակով է հանդես եկել որպես հայցվոր, և Նիկոլ Փաշինյանի օրինական ներկայացուցիչ լինելը բոլորովին  չէր վերաբերում իմ արտահայտություններին և չէր կարող որևէ կերպ ազդել հայցվորի իրավունքների և պարտականությունների վրա»,- ասաց Զարուհի Նախշքարյանը։