Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 16-ին գերեվարված 4 հայ զինծառայողի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Նոյեմբերի 16-ին գերեվարված 4 հայ զինծառայողի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
Իրավունք
22:47, 19 ноябрь 2021
Հայաստանի արևելյան ուղղությամբ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարցով իրավապաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. այս մասին Հանրային ՀԸ-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:

«Գերեվարված 4 հայ զինծառայողի դիմում-խնդագրով դիմել ենք, մյուսների մասով լրացուցիչ տեղեկություններ ենք հավաքագրում»,- ասել է իրավապաշտպանը

Այս շաբաթ Հայաստանի արևելյան սահմանագոտում իրավիճակի սրացումից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց 13 գերեվարված ու ևս 24 անհետ կորած զինծառայողների մասին: Սիրանույշ Սահակյանը չի բացառում, որ անհետ կորած համարվողների շարքում կարող են գերի ընկածներ էլ լինել:


Իրավապաշտպանի խոսքով՝ գերու կարգավիճակ ունենալու առումով նշանակություն չունի սեփական երկրի ինքնիշխան տարածքում, թե՞ հակառակորդի կողմում է գերեվարվել անձը, նշանակություն ունի հակամարտության առկայությունը: Միջպետական հարցերի առումով, սակայն, սա կարևոր հանգամանք է:

«Եթե ԼՂՀ առումով անհիմն թեզ էր առաջ տանում տարածքային ամբողջականության հետ կապված, և ռազմական գործողությունները հիմնավորում էր ինքնապաշտպանության անվան տակ, ապա այս դեպքում ագրեսիան հիմնավորող փաստարկներ գոյություն չունեն:

Գոյություն ունեն միջազգային իրավունքի կոշտ մեթոդներ, որոնցով Հայաստանը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Իրավապաշտպանները գործակցում են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի հետ՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար»,- ներկայացրել է Սահակյանը: