Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք օրենսդրական խնդիր, և այդ խնդիրը կարող է լուծել միայն ՍԴ-ն. Չարչյանի պաշտպանի պարզաբանումը ՍԴ դիմելու վերաբերյալ

Ունենք օրենսդրական խնդիր, և այդ խնդիրը կարող է լուծել միայն ՍԴ-ն. Չարչյանի պաշտպանի պարզաբանումը ՍԴ դիմելու վերաբերյալ
Իրավունք
14:56, 22 ноябрь 2021
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատական այսօրվա նիստի ավարտից հետո նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով իր ներկայացրած միջնորդության մասին, ասաց. «Եթե մեր քրեական դատավարության օրենսդրությունը կայանում է հետևյալում, որ նախատեսում է ընթացակարգ և կառուցակարգ մինչդատական վարույթում, օրինակ՝ պատգամավորի անձեռնմխելիության տեսանկյունից դա կարգավորվում է հետևյալ կերպ՝ գլխավոր դատախազը դիմում է ԱԺ՝ թույլտվություն ստանալու համար  քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար, սակայն դատական քննության փուլում, երբ որ արդեն իսկ առկա է հարուցված հետապնդում, և հարուցված հետապնդումից հետո անձը նոր է ձեռք բերում պատգամավորի կարգավիճակ, հետևաբար նա Սահմանադրությամբ օժտվում է համապատասխան երաշխիքով՝ այդ անձեռնմխելիությամբ՝ անձեռնմխելիության հաղթահարման տեսանկյունից»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։  

Նա նշեց, որ այդ առումով ունենք օրենսդրական բաց, կա օրենսդրական խնդիր, և այդ խնդիրը կարող է լուծել միայն Սահմանադրական դատարանը, այդ իսկ պատճառով խնդրել է, որպեսզի դատարանը դիմի ՍԴ և պարզի, թե ինչքանով են 31-րդ և 35-րդ հոդվածները, քրեական դատավարությամբ նախատեսված, համապատասխանում Սահմանադրությանը՝ այն տեսանկյունից, որ չեն նախատեսում կոնկրետ ընթացակարգ և կառուցակարգ արդեն իսկ հարուցված հետապնդման շրջանակներում նոր կարգավիճակ ձեռք բերած անձի անձեռնմխելիության հաղթահարման տեսանկյունից՝ քրեական հետապնդումը շարունակելու հարցի տիրույթում։

Լրագրողներից մեկի հարցին, թե այդպիսի նախադեպ ունեցել ենք, Ալեքսանյանն ասաց, որ նախադեպ չունենք, և հիշեցրեց, որ ինքը  ներկայացնում է նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը, և այդ նույն միջնորդությունը ներկայացվել է նաև դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում։

«Սակայն այդ միջնորդության լուծումը հետաձգվել էր, և դատարանը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ Սահմանադրական դատարանում արդեն այդ հարցի վերաբերյալ առկա է վարույթն ընդունելու մասին որոշում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։