Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր են 2020 թ նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների գործով դատապարտվածները և ինչ ժամկետով են ազատազրկվել

Ովքեր են 2020 թ նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների գործով դատապարտվածները և ինչ ժամկետով են ազատազրկվել
Իրավունք
17:29, 22 ноябрь 2021
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո  բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվում, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:

Դատարան ուղարկված քրեական գործերի դատաքննության արդյունքներով 7 անձի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը։

Եվ այսպես, ինչպես տեղեկանում ենք DATALEX դատական համակարգից, այդ գործով մեղադրյալներ Արամ Վազգենի Թաթոսյանը՝ ծնված 1998 թվականի փետրվարի 20-ին, և Սարգիս Վաչիկի Օհանյանը՝ ծնված 1991 թվականի նոյեմբերի 13-ին, միջնորդել են իրենց մասով դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ, իրենց լիովին մեղավոր են ճանաչում առաջադրված մեղադրանքում:

Արդյունքում Դատարանը վճռել է Արամ Վազգենի Թաթոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման
Սարգիս Վաչիկի Օհանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 4  տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Էդուարդ Դանիելի Եդիգարյանը՝ ծնված 1999 թվականի փետրվարի 20-ին, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և որպես պատիժ նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով:

Նշանակված պատժին հաշվակցվել է սույն գործով կալանքի տակ գտնված 2 ամիս 29 օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում 3 տարի 9 ամիս 1 օր ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: