Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը չի մեկնաբանում Սեյրան Օհանյանի նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման օրենքով հետապնդում սկսելու մասին տեղեկությունը

Դատախազությունը չի մեկնաբանում Սեյրան Օհանյանի նկատմամբ ապօրինի գույքի բռնագանձման օրենքով հետապնդում սկսելու մասին տեղեկությունը
Իրավունք
19:21, 23 ноябрь 2021
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան գրառում է արել՝ համարյա սպառնալով.  «Ապօրինի գույք փնտրողները շատ շուտով դատապարտվելու են»։

Խաչատրյանի գրառումից կարելի է ենթադրել, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը «թակել է» նաև Սեյրան Օհանյանի դղյակի դուռը։ 

Civic.am-ը ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից փորձեց ճշտել՝ արդյոք հետաքննություն սկսվե՞լ է Սեյրան Օհանյանին պատկանող գույքի ծագման օրինականության վերաբերյալ։ 

Գոռ Աբրահամյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ մեր հարցադրման առթիվ՝ նշելով.  «Ուսումնասիրությունները վերաբերում են հարյուրավոր անձանց, և բուն ուսումնասիրության միջանկյալ արդյունքների, գործընթացում ներգրավված անձանց վերաբերյալ այդ փուլում տեղեկատվություն չի հրապարակվում»: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ավարտված 10 ուսումնասիրություններով բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք, 21 ընկերություններում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր հաշվարկով 21.721.395.028 ՀՀ դրամի չափով գումար:

«Վերոնշյալ ուսումնասիրությունների նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձինք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» առցանց հարթակի միջոցով Վարչության կողմից ծանուցվել են հնարավոր ապօրինի ծագում ունեցող իրենց պատկանող գույքի առկայության կապակցությամբ  ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու մասին: Այդ անձանց մի մասն արդեն իսկ ներկայացել և ստացել է ուսումնասիրությունների նյութերը, ինչպես նաև ներկայացրել  իրենց դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ առաջիկայում համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներով դատարան կներկայացվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։
 
Այս շրջանակներում դիտարկվում է նաև ուսումնասիրությունը հաշտության համաձայնությամբ ավարտելու հնարավորությունը, որի պարագայում կարող է պետությանը փոխանցվել ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի նվազագույնը 75 տոկոսը:
 
Վերոնշյալից բացի, առաջիկայում ամփոփման փուլում գտնվող ավելի քան 10 այլ գործերով նույնպես դատարան կներկայացվեն հայցի նախնական ապահովման մասին դիմումներ։
 
Ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով ուղարկվել են նաև միջազգային հարցումներ», - ասված է Դատախազության հաղորդագրության մեջ։