Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանի մեղադրանքը լրացվել է․ նրան նոր մեղադրանք է առաջադրվել

Վազգեն Մանուկյանի մեղադրանքը լրացվել է․ նրան նոր մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
12:31, 09 март 2021
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ներկայացված մեղադրանքը լրացվել է։ Գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի լրատվականից։ 

Ըստ այդմ՝ նրա մեղադրանքը լրացվել է փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում  անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:

Մարտի 9-ին ՔԿ-ն որոշում է կայացրել` Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: 

Ըստ ՔԿ-ի՝ Վազգեն Մանուկյանին և նրա պաշտպանին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվեց իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

Ըստ Քննչական կոմիտեի, Հայաստանի նախկին վարչապետը նման կոչեր է հնչեցրել փետրվարի 12-ին և 20-ին կայացած ընդդիմադիրների հանրահավաքների ընթացքում: Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ին, օրինակ, հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:

Վազգեն Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ 75-ամյա Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 
Մարինե Խառատյան