Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինչպե՞ս է ստացվում, որ նախարարը որոշել է, որ իր հրամանով կարող են ստիպել պատվաստվել»․ ՍԴ-ն քննում է «Հայաստան» դաշինքի դիմումը

«Ինչպե՞ս է ստացվում, որ նախարարը որոշել է, որ իր հրամանով կարող են ստիպել պատվաստվել»․ ՍԴ-ն քննում է «Հայաստան» դաշինքի դիմումը
Իրավունք
17:49, 25 ноябрь 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, քննում է «Հայաստան» դաշինքի դիմումը, ըստ որի՝ վիճարկվում է աշխատող քաղաքացիների համար սահմանված պատվաստման ու ՊՇՌ թեստ հանձնելու վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականությանը համապատասխանության հարցը: 

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը նիստի ժամանակ ընդգծեց, որ աշխատանքային հարաբերությունների կոնտեքստում պարտադիր բժշկական զննությունից խուսափելը կամ հրաժարվելը հիմք է գործատուի համար աշխատանքային պայմանագիրը լուծելու:
 
ՍԴ ներկայացված դիմումով վիճարկվում է պարտադրանքի հանգամանքը, մասնավորապես, դիմումատուն գտնում է, որ նախարարի հրամանը չի կարող հիմք հանդիսանալ՝ պարտադիր պատվաստման կամ անձի՝ սեփական միջոցներով պատվաստման համար, քանի որ պարտականությունները սահմանվում են օրենքով, ինչն ամրագրված է նաև Սահմանադրությամբ և ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: «Ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ նախարարը որոշել է, որ իր հրամանով կարող են ստիպել պատվաստվել, իսկ դա չանելու դեպքում՝ սեփական միջոցների հաշվին կատարել թեստավորում, ներկայացնել գործատուին»,- նշեց Վարդևանյանը։ 

Այլ խոսքով՝ Վարդևանյանը գտնում է, որ ենթաօրենսդրական ակտի հիման վրա չի կարող պարտադրանք լինել։ Դիմումատուն նաև պարզաբանեց, որ ՍԴ ներկայացված դիմումը հակապատվաստման քարոզչություն չէ, ինչպես փորձ էր արվում մեկնաբանել իշխանության ներկայացուցիչների կողմից։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ներկայացնելով դիմումը, նշեց, որ իրենք դիմումում անդրադարձ չեն կատարել Աշխատանքային օրենսգրքի տեսանկյունից խուսափելու որոշ մեկնաբանություններին: «Օրինակ՝ եթե ես լինեի պատասխանողը, կարող էի ասել, որ սա օրինականության վիճարկվող հարցի է վերածվում, քան սահմանադրականության»,-ասաց Վարդևանյանը:
ՍԴ Նախագահ Արման Դիլանյանն ընդգծեց, որ Արամ Վարդևանյանն այնուամենայնիվ որպես արդյունավետ պաշտպանություն ընտրեց առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության, այլ ոչ թե օրինականության հարցը:
Այնուհետև որպես առաջին պատասխանող հրավիրվեց ԱԺ ներկայացուցիչը:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հարց ուղղեց պատասխանողներից ԱԺ ներկայացուցչին. «Այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական պարբերական բժշկական զննության , ինչպես նաև եթե բժշկական զննությամբ ախտորոշվել է կառավարության սահմանած հիվանդություններից որևիցե մեկը, ապա տարածքային տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ՝ մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում՝ մինչև առողջանալը, չի թույլատրվում աշխատել ՀՀ կառավարության սահմանված կարգով: Ես ուզում եմ դուք պարզաբանեք, թե  տեսչական մարմինը հինգ հարյուր հազար մարդու պարագայում ոնց է այդ որոշումը կայացնում: Գնում է աշխատանքի, և աշխատողը թեստը չունի, ի՞նչ է լինում դրանից հետո: Տեսչական մարմնում քանի մարդ կա, ոնց է որոշում կայացնում, ոնց է փոխանցում այդ որոշումը այդ անձին և ոնց է գնում ստուգում՝ թեստ անցե՞լ է թե՞ ոչ»: 

ԱԺ ներկայացուցիչը, անդրադառնալով ՍԴ դատավորի հարցին, պատասխանեց. «Այս օրենքի վիճարկվող նորմը չենք կարող դիտարկել առողջապահության նախարարի 65N հրամանի համատեքստում: Իմ պատկերացմամբ՝ դա այդ հրամանի իրավական հիմքը չի»:
Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ինձ 65 հրամանը չի հետաքրքրում, ես ուզում եմ այս նորմը ռեալ պրակտիկայում հասկանամ՝ ոնց է կիրառվում: Հնարավոր է՝ 450.000 աշխատողից 400.000-ը չի ենթարկվել նախնական բժշկական զննության, տեսչական մարմնի որոշմամբ՝ պետք է արգելվի՞ իրենց աշխատել: Ո՞վ է տեղեկացնելու այդ անձանց՝ տեսչական մարմի՞նը, թե՞ գործատուն է անելու դա»:
ԱԺ ներկայացուցիչն էլ ընդգծեց, որ այդ նորմը չի վերաբերում բոլոր աշխատողներին, այլ վերաբերում է առանձին մասնագիտությունների, օրինակ՝ ուսումնադաստիարակչական ոլորտին, սպասարկման ոլորտին և այլն:

«Ռեալ իրականության մեջ մենք տեսնում ենք, որ նախարարի հրամանը վերաբերում է բոլոր աշխատողներին: Հիմա ճի՞շտ եմ հասկանում, որ արձանագրում եք, որ նախարարի հրամանի համար չկար օրենսդրական հիմք: Դուք ընդունո՞ւմ եք, որ նորմը հակասահմանադրական է»,- արձագանքեց Հրայր Թովմասյանը:
Ի պատասխան ՍԴ դատավորի՝ ԱԺ ներկայացուցիչը նշեց, որ նախարարի 65 հրամանի իրավական հիմքը եղել է սանիտարահամաճարակային անվտանգության բնակչության ապահովման մասին օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածի առաջին մասի երրորդ կետը: ՍԴ նիստը շարունակվում է: 

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ  Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումում վիճարկում են առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնելու։