Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը ՍԴ-ին կտրամադրի 14 օրը մեկ ՊՇՌ թեստ չներկայացրած աշխատողների ազատման տեղեկությունները. ՍԴ դատավորի միջնորդությունը բավարարվեց

Կառավարությունը ՍԴ-ին կտրամադրի 14 օրը մեկ ՊՇՌ թեստ չներկայացրած աշխատողների ազատման տեղեկությունները. ՍԴ դատավորի միջնորդությունը բավարարվեց
Իրավունք
13:21, 26 ноябрь 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի՝ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականությանը համապատասխանության դիմումը: Նշենք, որ դատարանում վիճարկվում է աշխատող քաղաքացիների համար սահմանված՝ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստման փաստը ներկայացնելու հրամանը: 

Երեկ դատական նիստն ընդհատվել էր դատավորների կողմից միջնորդություններ ներկայացնելու հարց բարձրացնելուց հետո: ՍԴ նախագահը նշեց, որ այժմ կքննարկեն դատավորների միջնորդությունները գործի նյութեր պահանջելու վերաբերյալ:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց Սահմանադրական դատարանին քննարկման առարկա դարձնել կառավարությունից պահանջելու հնգօրյա ժամկետում ՍԴ-ին տրամադրել ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով նախատեսված՝ աշխատող անձանց կողմից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտությունների և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջների չկատարման արդյունքում աշխատանքից ազատելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցը: Արևիկ Պետրոսյանը միջնորդեց նաև նշված ժամկետում ամբողջական տեղեկություն տրամադրելու անհնարինության դեպքում այն տրամադրել հնարավորինս մոտ ժամկետում: 

Դիմող կողմի ներկայացուցիչը՝ Արամ Վարդևանյանը, չուներ առարկություն, բայց նշեց, որ այդ տեղեկատվությունը կառավարությունը կարող է ավելի սեղմ ժամկետում տրամադրել՝ 2-3 օրում:

ԱՆ ներկայացուցիչն էլ, որպես պատասխանող կողմ, ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը չի տիրապետում այդ տեղեկատվությանը՝ ելնելով այն հանգամանքից, որ նախարարությունը անմիջապես վերահսկող մարմին չէ. «Մեզ ժամանակ է անհրաժեշտ այդ տեղեկատվությունը ստանալու համար, հետևաբար խնդրում եմ հնգօրյա ժամկետը պահպանել»:

Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրենք չունեն առարկություն նման տեղեկատվություն տրամադրելու ՍԴ-ին: Պատասխանող կողմերից ԱԺ ներկայացուցիչը ևս չուներ առարկություն: ՍԴ դատավորների կողմից ևս առարկություն չհայտնվեց:   
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն էլ ցանկություն հայտնեց ներկայացնելու հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը. «Ես, որպես այս գործով զեկուցող, համապատասխան հարցում չեմ ուղարկել պատկան մարմիններին, որովհետև խնդիր եմ տեսնում իրավական հետևանքները կամ պատասխանատվությունը ամրագրող իրավական նորմերի կոնկրետացման որոշակիության հետ կապված: Այս պահին դատարանը քննության է առնում առողջապահության նախարարի  65- Ն հրամանի սահմանադրականության հարցը, և այս հրամանով պահանջների չկատարման, դրանց խախտման համար աշխատողների նկատմամբ կարգապահական հետևանք նախատեսված չէ: Եթե իրավական հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն է հայցվում, նաև պետք է հստակ նշվի այն իրավական ակտը՝ դրա իրավական նորմը, որը նախատեսում է հետևանք կամ պատասխանատվություն պահանջը չկատարելու համար»: 

Արևիկ Պետրոսյանը պատասխանատու հայտարարություն անվանեց Էդգար Շաթիրյանի՝ «առողջապահության նախարարի հրամանի պահանջների չկատարումը իրավական հետևանք չի առաջացնում» արտահայտությունը: 

Էդգար Շաթիրյանն ի պատասխան Արևիկ Պետրոսյանի դիտարկման՝ ընդգծեց, որ ինքը նման հայտարարություն չի արել և իր վրա նման պատասխանատվություն էլ չի վերցնի:

Հարցը դրվեց քվեարկության: 2 դեմ և 7 կողմ ձայներով միջնորդությունը բավարարվեց: Դեմ քվեարկած դատավորներն էին Շաթիրյանն ու Վաղարշյանը: 

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ  Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումում վիճարկում են առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնելու։