Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Զոհրաբյանը, Վահագն Չախալյանը և ևս 4 քաղաքացի բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար. Ոստիկանություն

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը և մի քանի քաղաքացիներ այսօր փակել էին Նալբանդյան փողոցը: Ոստիկանները բերման էին ենթարկել նրանց, այդ թվում փաստաբան Արա Զոհրաբյանին և նույն կուսակցության անդամ Վահագն Չախալյանին:

Civic.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ տեղի ունեցած ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել 6 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

Հիշեցնենք, որ «5165 շարժումը», «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, մի շարք քաղաքական գործիչներ և քաղաքացիներ սկսել են «Ազատագրական շարժում» խորագրով բողոքի ակցիաներ իրականացնել: Ակցիան սկսվեց Սյունիքի մարզից և շարունակվում է Երևանում:

Շարժման առաջնորդները, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, և որն ընդունելի է հայկական կողմի համար, պահանջում են հանրայնացնել սպասվելիք ստորագրվող փաստաթղթերը: