Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը. դատարանում հրապարկվեց Վազգեն Մանուկյանի մեղադրական եզրակացությունը

Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը. դատարանում հրապարկվեց Վազգեն Մանուկյանի մեղադրական եզրակացությունը
Իրավունք
15:41, 26 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի  նախագահությամբ, ընթացավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը:

Մեղադրող դատախազը նշեց, որ պատերազմից հետո 17 ընդդիմադիր կուսակցություններից կազմված «Հայրենիքի փրկության շարժումը», որի ղեկավարն էր Վազգեն Մանուկյանը, հրապարակավ հայտարարել է ՀՀ-ում իշխանափոխություն կատարելու կեղծ օրակարգի մասին, կատարել բռնության կոչեր և անտեսել է, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ըստ դատախազի խոսքի՝ Վազգեն Մանուկյանը իշխանությունը զավթելու բռնության կոչերն արել է 2021թ. փետրվարի 12-ին Ազատության հրապարակում իր կողմից կազմակերպված հանրահավաքին, ինչպես նաև փետրվարի 20-ին և 26-ին ՀՓՇ-ի կազմակերպած շարժման ժամանակ՝ ՀՀ կառավարության հրաժարականը պահանջող քաղաքացիների ներկայությամբ:  

«Մեզ պետք է համաժողովրդական շարժում, որպեսզի մենք կարողանանք ազատվել այս իշխանություններից, ինքը կամավոր չի գնալու այս իշխանությունից, մենք պետք է կոտրենք իր ոտքերը, այսինքն՝ իր հենարանները»,- ասել է Վազգեն  Մանուկյանն ու ընդգծել, որ իրական հենարանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն է. «Բոլորի վրա պետք է աշխատել, իրենք ռիսկ պետք է չունենան դուրս գան փողոց, որովհետև իրենք նպաստում են դավաճանությանը: Այն «Իմ քայլի» պատգամավորը, որը դուրս չի գալիս խմբակցությունից, համարենք դավաճան: Խոսքը չի գնում շարքային ոստիկանների ու զինվորականների մասին, խոսքը գնում է նրանց ղեկավարների մասին՝ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին, դավաճան են, ու ժողովուրդը նրանց պետք է թույլ չտա փողոց դուրս գալ, պետք է վախենան փողոցով գնան… ամեն թաղում կազմեք խմբեր՝ մի խումբը կգնա մի պատգամավորի հետևից, մյուս խումբը՝ մի ոստիկանի…»,-Վազգեն Մանուկյանի խոսքից մեջբերեց դատախազը՝ հղում անելով 2021թ. փետրվարի 12-ի հայտարարությանը: 
Դատախազը հավելեց նաև, որ վերոնշյալ հայտարարությունից հետո կրկին Ազատության հրապարակում փետրվարի 20-ին Վազգեն Մանուկյանը կայծակնային արագությամբ իշխանությունը զավթելու կոչ է արել, և մեջբերեց Մանուկյանի հրապարակային կոչը. «Ես առաջարկում եմ պլան Ա և պլան Բ: Եթե հարյուր հազար մարդ էլ հավաքվի, Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը չի թողնելու , ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որը ինքն ունի: Առաջին հենարանը ժողովրդի այն հատվածն է, որի տան դիմաց մինչև դժբախտությունը չչոքի, չի հասկանա, և մեր պարտքն է մեր ժողովրդին բացատրել՝ ինչ է կատարվում: Երկրորդ հենարանը ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնք չեն գիտակցում, որ ծառայելով այս իշխանությանը՝ ծառայում են թուրք-ադրբեջանական ծրագրին: Մենք պետք է կոշտ լինենք և համոզենք իրենց: Երրորդ ուժը այն ԱԺ պատգամավորներն են, որոնք հենարան են Նիկոլ Փաշինյանին. նրանց հետ էլ պետք է լինել կոշտ ու համոզեցուցիչ և չթողնել նահանջի ճանապարհ: Հայաստանը պետք է եռա, ամեն օր լինեն ցույցեր, պարալիզացվի քաղաքը, ավտոմեքենաների շարասյունը մտնի քաղաք, ոտքի հանեն մարդկանց, հավաքեն ու ջարդեն այն հենարանները, որոնց վրա հենված է Նիկոլ Փաշինյանը: Բայց կա նաև պլան Բ: Ցանկացած ժամանակ՝ դա կլինի այսօր, թե մեկ շաբաթ կամ տասը օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին»:  

Մեղադրող դատախազը հիշատակեց նաև Բաղրամյան պողոտայում Վազգեն Մանուկյանի կողմից բանակին ընդվզելու կոչը և նշեց. «Վազգեն Մանուկյանի՝ իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչերը հավանության են արժանացել այդ օրերի հավաքներին մասնակից մարդկանց մոտ»:  

Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղար Անի Գասպարյանը դատախազի խոսքից հետո դահլիճում բղավեց՝ վանկարկելով ա-մոթ, ա-մոթ:
Դատավոր Վահե Միսակյանը նկատողություն հայտարարեց Անի Գասպարյանին:

«Ինչքան ուզում եք՝ նկատողություն հայտարարեք»,- դատավոր Վահե Միսակյանին պատասխանեց Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղարը:

Ամբաստանյալ Վազգեն Մանուկյանը նշեց, որ դատախազի ելույթը շատ հետաքրքրությամբ լսեց և իր խոսքերը համարեց արդիական: