Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չփոխված դատական համակարգում Մարտի 1-ի գործը չէր կարող օբյեկտիվ ելք ունենալ․ միանգամից դիմելու ենք ՄԻԵԴ. Սեդա Սաֆարյանը՝ Վերաքննիչի վճռի մասին

Չփոխված դատական համակարգում Մարտի 1-ի գործը չէր կարող օբյեկտիվ ելք ունենալ․ միանգամից դիմելու ենք ՄԻԵԴ. Սեդա Սաֆարյանը՝ Վերաքննիչի վճռի մասին
Իրավունք
18:07, 29 ноябрь 2021
Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ դատախազության և տուժող կողմի ներկայացրած բողոքները։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կարճել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ Մարտի 1-ի դեպքերով ՔՕ 300.1 հոդվածով հարուցված քրեական գործն ու արդարացրել նրանց՝ հիմք վերցնելով Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ հակասահմանադրական էր ճանաչվել ՔՕ վերոնշյալ հոդվածը։ 

Տուժող կողմի ներկայացուցիչներից Սեդա Սաֆարյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար անակնկալ չէր Վերաքննիչ դատարանի որոշումը. «Այս ամբողջ 2 տարիների ընթացքում այն,  ինչ որ կատարվել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով՝ դա կլինի դատարանի նիստերի դահլիճում տեղի ունեցող երևույթները, թե դահլիճից դուրս, թե մեր հարազատների շրջապատում տեղի ունեցող իրավիճակներն ու դրանց կապակցությամբ տարվող քննությունները, հասկանում ես, որ իրավապահ համակարգը նույնն է մնացել, մեծ բան չի փոխվել։ 2008թ. ովքեր մասնակից էին մարտի 1-ի դեպքերին, կարևոր չէ՝ ինչ ձևաչափով, այսօր իրենք նորից կան, և չփոխված իրավիճակում այս գործը չէր կարող օբյեկտիվ ելք ունենալ»։ 

Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ թեպետ Վերաքննիչ դատարանը չի բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը, այնուամենայնիվ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին վերագրված արարքները նույնությամբ մնացել են. «Իրենց վերագրված արարքները նույն ձևակերպումներով մնացել են, այնպես չի, որ իրենց վերագրված արարքները հերքվել են, որ ես դրանից ողբերգություն ապրեմ։ Ես ողբերգություն եմ ապրում Հայաստանի իրավապահ համակարգի պահվածքից և շատ վատ եմ զգում, որ Հայաստանում կարող է բազմադրվագ հանցագործության պարագայում կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում։ Մենք այս գործը հասցնելու ենք ՄԻԵԴ ու այնտեղ բնորոշվելու ենք որպես իրավունքից կիլոմետրերով հեռու երկիր»։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Վճռաբեկ դատարան բողոք չի պատրաստվում ներկայացնել՝ միանգամից դիմելու է ՄԻԵԴ։ 

ՀՀ գլխավոր դատախազությունից Վճռաբեկ դատարան դիմելու առթիվ մեր հարցին ի պատասխան նշեցին, թե դատական ակտը ստանալուց և պատճառաբանական մասին ծանոթանալու արդյունքում կորոշվի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք տանելու հարցը: