Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնկալում ենք, որ դատարանը կպարտավորեցնի Նաիրի Հոխիկյանին հերքել Վլադիմիր Կարապետյանին վերագրված կեղծ տեղեկությունը և վճարել 2 մլն դրամ փոխհատուցում. պաշտպան

Ակնկալում ենք, որ դատարանը կպարտավորեցնի Նաիրի Հոխիկյանին հերքել Վլադիմիր Կարապետյանին վերագրված կեղծ տեղեկությունը և վճարել 2 մլն դրամ փոխհատուցում. պաշտպան
Իրավունք
15:07, 03 декабрь 2021
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր, ժամը 17։00-ին, տեղի կունենա նախկին լրագրող Նաիրի Հոխիկյանի դեմ Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայցի քննությունը՝ զրպարտություն համարվող տեղեկությունների հերքման և փոխհատուցման պահանջով։ 
 
Վլադիմիր Կարապետյանի պաշտպան Դիանա Գրիգորյանը Civic.am-ին ասաց, որ դատարանից ակնկալում են պարտավորեցնել Նաիրի Հոխիկյանին հրապարակայնորեն, ԶԼՄ-ների ներկայությամբ հերքել Վլադիմիր Կարապետյանի վերաբերյալ հայտնած կեղծ տեղեկությունը՝ հրապարակելով հերքման տեքստը, ինչպես նաև վճարել 2 մլն դրամ փոխհատուցում Վլադիմիր Կարապետյանին պատճառած վնասի համար։ 

«Հոխիկյանը հայտարարել է՝ իբրև թե Վլադիմիր Կարապետյանն ասել է՝ ո՞վ է ասում, որ Ղարաբաղը չենք տալու, ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կտա։ Այս հայտարարությունն է, որը ակնհայտ կեղծ է, զրպարտչական, և մենք պահանջում ենք, որ հրապարակայնորեն հերքվի»,- պարզաբանեց Կարապետյանի պաշտպանը։ 

Հիշեցնենք՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում Նաիրի Հոխիկյանն անդրադարձել էր 2019 թ. «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին, ինչպես նաև այն ժամանակ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու լրագրող Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը Ղարաբաղի հարցի շուրջ՝ ասելով. «Վովան (Վլադիմիր Կարապետյանը) ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել և այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք: Ես հարցնում եմ՝ ո՞նց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող գնալ էդ ճանապարհով: Վլ. Կարապետյանն ինձ ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չենք տալու: Հարցնում եմ՝ բայց ո՞նց եք տալու. բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Ասում է՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»,- ասել էր Նաիրի Հոխիկյանը՝ նշելով, որ այս մասին իրեն պատմել է Լապշինը։

Հիշեցնենք, որ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում հերքել էր Նաիրի Հոխիկյանի կողմից իրեն վերագրված խոսքերը՝ ասելով. «Ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այս խոսակցություններն ինձ հետ չեն անցկացվել: Ես երբեք չեմ լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը...»: 

Վարչապետի նախկին խոսնակ, ներկայումս Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Կարապետյանը ևս հերքել էր Նաիրի Հոխիկյանի կողմից իրեն վերագրված հայտարարությունը։ Հոխիկյանը հրապարակել էր Վլադիմիր Կարապետյանի խոսքը իր ՖԲ էջում և նշել էր, որ Կարապետյանի կողմից հերքման պահանջ չի եղել, պարզապես Կարապետյանն իրեն խնդրել է հրապարակել, որ ինքը նման բան չի ասել Լապշինին։ 
Մինչ այժմ այս գործով դատական մեկ նիստ է եղել, որի ընթացքում պարզվել է հայցի հիմքն ու առարկան։ 
Այսօր կկայանա այս գործով 2-րդ նիստը։