Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմը քրգործ է հարուցել Արցախի խաղաղ բնակչի սպանության փաստով. ՌԴ ՊՆ․ ՀԺ

Ադրբեջանական կողմը քրգործ է հարուցել Արցախի խաղաղ բնակչի սպանության փաստով. ՌԴ ՊՆ․ ՀԺ
Իրավունք
10:25, 05 декабрь 2021
Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանության փաստով:

Տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ ՊՆ-ն, համաձայն որի հաղորդագրության՝  դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, միջադեպի ժամանակ ադրբեջանական հենակետում Լեռնային Ղարաբաղի բնակիչ է սպանվել:

«Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ադրբեջանական կողմը Արցախի ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին: 

Արցախի բնակչի անհետ կորելու մասին դեկտեմբերի 3-ին  հայտնել էր Արցախի ազհային անվտանգության ծառայությունը, այնուհետ Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ ադրբեջանցիները սպանել են խաղաղ բնակչին:

Ըստ Արցախի դատախազության՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել էին նշված տեղանքում հայտնված անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով՝ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել էին նրան:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ հայտնի է նաև սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը:

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն դեպքի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել:

Աղբյուր՝ armtimes.com