Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգել ա, ասել ա՝ լավ ենք, մամ, չմտածեք, բայց իրեն դեռ չենք տեսել». գերեվարված պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանը հայրենիք է վերադարձվել

«Զանգել ա, ասել ա՝ լավ ենք, մամ, չմտածեք, բայց իրեն դեռ չենք տեսել». գերեվարված պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանը հայրենիք է վերադարձվել
Իրավունք
17:35, 06 декабрь 2021
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանը 2 օր առաջ է հայրենիք վերադարձել։ Արտյոմի մայրը՝ տիկին Ռիտան, Civic.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեկտեմբերի 4-ի գիշերը, երբ տասը հայ ռազմագերիները հայրենադարձվել են, Արտյոմը զանգել է իրեն՝ տեղեկացրել, որ ինքն էլ է վերադարձել, լավ է, բայց մայրը մինչ օրս չի տեսել որդուն. «Եկած օրն ենք խոոսել ու վերջ, եղբայրս գնում է զինվորական հոսպիտալ տեսակցության՝ չեն թողնում, ասում են՝ քննչականն էստեղ է»։

Արտյոմ Մանասյանի մոր խոսքով՝ տղան 44-օրյա պատերազմի մասնակից է, երկու ոտքն էլ այրվել էր պատերազմի ժամանակ, իսկ թե գերության մեջ առողջական ինչ խնդիրներ են առաջացել՝ տիկին Ռիտան տեղյակ չէ. «Ինքը մեզ բան չի ասել, մի անգամ զանգել ա, ասել ա՝ լավ ենք, մամ, չմտածեք»։

Արտյոմ Մանասյանի կինը՝ Նաիրա Մանասյանն էլ դեռևս չի տեսել ամուսնուն, բայց տեղյակ է՝ ամուսինը ներկայումս Երևանում է՝ զինվորական հոսպիտալում։ 

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողի կինը նոյեմբերի 19-ին ահազանգել էր Civic.am-ի խմբագրություն և ասել, որ ամուսնուն գերեվարել են։ Արտյոմ Մանասյանի գերի ընկնելու փաստն իմացել էր մեծ աղջիկը, երբ Ֆեյսբուքում տեսել էր ադրբեջանցիների տարածած հայ ռազմագերիների նկարները։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության են ենթարկում հայկական դիրքերը։  Գնդակոծության ձայները ժամը 13։00-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածում պարզ լսելի են եղել Սիսիան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Սիսիան քաղաքում, Իշխանասար, Նորաշեն բնակավայրերում։  

Երկու կողմից էլ կային զոհեր, հայկական կողմից՝ նաև գերեվարվածներ։

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 10 գերիների։ Վերադարձված զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի ՀՀ արևելյան սահմանագոտում բախումների ժամանակ։ 

Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզներ։

Նարա Մարտիրոսյան