Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակից, ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը մեղադրյալ է զգալի չափով թմրանյութ պահելու գործով, բացի դա՝ նա մեղադրվում է նոյեմբերի 10-ի անկարգություններին մասնակցելու համար

ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակից, ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը մեղադրյալ է զգալի չափով թմրանյութ պահելու գործով, բացի դա՝ նա մեղադրվում է նոյեմբերի 10-ի անկարգություններին մասնակցելու համար
Իրավունք
12:10, 09 декабрь 2021
Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքի փաստով դեռևս քրեական գործ չի հարուցվել, գործը նյութերի նախապատրաստման փուլում է։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Civic.am-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքը հրահրել էին դաշնակցականները՝ այդ թվում ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գերասիմ Վարդանյանը։ 

Պարզվում է՝ ԱԺ-ում աշխատող Գերասիմ Վարդանյանն արդեն երկու քրեական գործերով ներգրավված է որպես մեղադրյալ։

Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին Արտաշատ խոշորացված համայնքում արձանագրություն է կազմվել՝ Գերասիմ Վարդանյանի մոտ թմրանյութեր հայտնաբերելու փաստով։ Իսկ արդեն սեպտեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը։

Վարդան Թադևոսյանի խոսքով՝ Գերասիմ Վարդանյանի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Գերասիմ Վարդանյանը ներգրավված է որպես գործով մեղադրյալ։ 
 
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ Գերասիմ Վարդանյանը 2020թ․ նոյեմբերի 10-ի անկարգություններով ևս ներգարվված է որպես մեղադրյալ։