Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոտ կես մլրդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի և մյուսների դատական նիստը չկայացավ․ Նրանց և Վազգեն Մանուկյանի գործերով նիստերը կկայանան մյուս տարի

Մոտ կես մլրդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի և մյուսների դատական նիստը չկայացավ․ Նրանց և Վազգեն Մանուկյանի գործերով նիստերը կկայանան մյուս տարի
Իրավունք
16:12, 09 декабрь 2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է դատավոր Վահե Միսակյանի վերապատրաստման դասընթացներով պայմանավորված։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022թ․ հունվարի 13-ին ժամը 14։30-ին։  Այս մասին Civic.am-ին տեղեկացրեցին դատավորի աշխատակազմից։ Սերժ Սարգսյանի գործով վերջին դատական նիստը կայացել է նոյեմբերի 25-ին։ 

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի վարույթում է նաև ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ դատական նիստը ևս նշանակվել է 2022թ․-ին՝ կկայանա փետրվարի 7-ին ժամը 14։30։ Վազգեն Մանուկյանի գործով վերջին դատական նիստը կայացել է նոյեմբերի 26-ին։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իր նախագահության տարիներին պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափի գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելու մեջ։ 

Իսկ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար: